Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 27-ի ժամը 15։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 50 243 անձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 12։00-ի տվյալներն ավելացել են 3000–ով։ Այս պահի դրությամբ շուրջ 5700 անձի համար կեցության հարց են հոգացել»,– ասաց Բաղդասարյանը։
Նա ընդգծեց, որ այս ժամի դրությամբ ևս 74 բուժառու տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Նրանց ընդհանուր թիվը կազմում է 311։
Բաղդասարյանը շեշտեց` դուրսգրված քաղաքացիներ չկան, բոլորը ստացիոնար բուժում են ստանում։
«Այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին ունեն կեցության խնդիր, այդ հարցը լուծվում է պետության կողմից։ Մնացած քաղաքացիները ուղորդվել են իրենց ընտրած կեցության վայրեր։ Հորդորում եմ, այնուամենայնիվ, հաշվառվել այն վայրերում, որտեղ հաստատվել են, քանի որ ՀՀ բոլոր մարզերում գործում են տարբեր խմբեր։ Հաշվառումը նրա համար է, որ հետագայում հումանիտար օգնությունը նպատակային օգտագործվի»,-ասաց նա: