13 ձայն էր պակասում Վարդևանյանին, ՔՊ-ն պարտավ...

13 ձայն էր պակասում Վարդևանյանին, ՔՊ-ն պարտավոր չէր, բայց որոշել է լրացնել դրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

«Խմբակցությունը ունի որոշում, բավարար չափով ձայներ կապահովի, Արամ Վարդևանյանին 53 ձայն է պետք ընտրվելու համար, որից իրենց պակասում է 13 ձայն: Իրենք իհարկե մեր թեկնածուներին կողմ ձայն չէին տվել, թեպետ մեր թեկնածուները ավելի քան արժանի էին, ամեն դեպքում որոշում ունենք, որպեսզի բավարար ձայնով ձայներ կտրամադրենք։

Չենք տապալում ընտրությունը, թեև համաձայն չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորություն է, մենք կարող էինք չընտրել, երկրորդ անգամ թեկնածու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնեինք հարցերի օրակարգի հաջորդ օրակարգին և որևէ բան տեղի չէր ունենա»,- նշել է Մանավազյանը:

Մանավազյանը հավելում է՝ կարևոր չէ, թե որ պատգամավորը ինչ կարծիք է հայտնել, եթե խմբակցությունն ունի որոշում: Շեշտում է՝ իրենց որոշումը կառուցողական դաշտ մտնելու նպատակով է ընդունվել:

«5 տարիների ընթացքում ամեն հնարավոր ամեն բան արվել է Ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար, իսկ այսօր մենք մեր աշխատանքով, պահվածքով, խոսքով, բարեվարքությամբ և մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական լինել:

Ազգային ժողովի նախագահը զրոյական կետ է հայտարարել և կոչ արել, որ Ազգային ժողովում որևէ սահման չհատվի և բոլոր քննարկումները աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնեն, թեև սուր բոլոր քննադատություններին և հայտարարություններին: Դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, և միշտ լինելու են: Չնայած, ես չեմ կարող երաշխավորել ընդդիմության վարքագիծը վաղը ինչպիսին կլինի»,- ասել է նա: