2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա երեք համախոհների դատավարությունը կսկսվի 2028 թվականի հունիսի 5-ին՝ հարձակումներից ավելի քան 26 տարի անց։
Դատախազությունը ցանկանում էր դատավարությունն անցկացնել 2027 թվականին, սակայն ռազմական դատարանի դատավորը որոշել է, որ այդ ժամկետը վաղ է, և գործով առկա մի շարք իրավական հարցերի լուծման համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։
Մոհամմեդը նախկինում հայտարարել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի «գործողությունը ծրագրել է սկզբից մինչև վերջ»։ Նա ձերբակալվել է 2003 թվականին, իսկ 2006 թվականի սեպտեմբերից պահվում է Գուանտանամոյի բանտում։
Մոհամմեդը նախկինում համաձայնության էր եկել մեղադրող կողմի հետ՝ մեղավոր ճանաչվելու դիմաց մահապատժից խուսափելու պայմանով։ Սակայն անցած ամռանը ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է այդ համաձայնագիրը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ, ռազմական դատավոր Մայքլ Ա. Շրաման որոշել է, որ Մոհամմեդի և նրա երեք ենթադրյալ համախոհների դատավարությունը կսկսվի 2028 թվականի հունիսի 5-ին։



