100-հազարական դրամի աջակցության ծրագրի շահառո...

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում որոշեց 1 մլրդ 370 մլն դրամ հատկացնել 40+10 հազարական դրամների աջակցությունը հոկտեմբեր մսվա համար, ինչպես նաեւ 100-հազարական դրամի աջակցությունը տրամադրելու համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց. «Որոշվել է ժամանակավոր բնակվելու եւ կոմունալ ծախսերի  համար սոցիալական աջակցության ծրագրի (40+10 հազար դրամ) շրջանակներում հատկացնել եւս 950 մլն դրամ հոկտեմբերի վճարումների համար:

Այս նախագծով իրականացնում ենք նաեւ 450 մլն դրամ 100 հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարներն իրականացնելու համար, որը կկատարվի մշակված եւ նույնականացված տվյալների  հիման վրա:

40 000+10 000 դրամ աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվել է 73 196 անձ: Նրանցից 69 199-ը ստացել է 40+10 հազարական դրամները,մ իսկ 3 997-ը միայն 10 հազար դրամի աջակցություն:

Այս որոշումը թույլ կտա հոկտեմբերին աջակցություն տրամադրել 19 հազար անձի: Արդյունքում կստացվի, որ 40+10 հազար դրամ աջակցության շահառուների թիվը այս հատկացումից հետո կկազմի ավելի քան 92 հազար: Ընդհանուր առմամբ այս նախագծով առաջարկվում է այս ծրագրերի համար հատկացնել 1 մլրդ 370 մլն դրամ»:

Նա հայտարարեց, որ 100 հազարական դրամներն ստացել է 100 հազար մարդ, 4200 հոգի է մնացել, հիմնականում անչափահասներ, որոնց այս որոշումից հետո կվճարեն:

Փաշինյանը նկատեց, որ ստացվում է, որ 104 հազար մարդու է տրվում աջակցությունը, մինչդեռ Արցախից Հայաստան էր տեղափոխվել 100 հազարից ավելի մարդ, նախարարն արձագանքեց. «Մենք որոշել ենք վճար տրամադրել նաեւ 2022-ի դեկտեմբերի շրջափակումից հետո Հայաստան տեղափոխվածներին»: