
10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունն այս ընթացքում մարդկանց «կերակրեց» ստերով, թե իբր որոշակի փոփոխություններ է անելու սոցիալական և բնակարանային ծրագրերում, սակայն դրանք մնացին գրեթե անփոփոխ:
Մարդկանց մեծամասնության համար անհասանելի է մնում բնակարանային ծրագիրը, իսկ սոցիալական բլոկի լուրջ կրճատումները մարդկանց բառիս բուն իմաստով փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնեցրել:
Իշխանությունը մարդկանց ձայնը փորձում է լռեցնել արցախցի տարբեր պաշտոնյաների, գործարարների չարաշահումների մասին տեղեկություններ դաշտ նետելով, սակայն դրանով ո´չ մարդկանց խնդիրներն են լուծվում, ո´չ էլ հանցագործություններ բացահայտվում. որևէ մեկն էլ այդ մեղադրանքներով պատասխանատվություն չի կրել:
Տնից, սեփական հայրենիքից զրկված ու մի ողջ ողբերգությունով անցած մարդիկ իրենց անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ»,-գրել է նա։