Ղարիբաշվիլին եւ Էրդողանը քննարկել են իրավիճակ...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում:

«Զրույցը տարածաշրջանում զարգացող իրադարձությունների մասին էր: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի ամենակարեւոր նպատակը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումն է, եւ երկիրը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը՝ Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստան 15 հայ զինվորների տեղափոխմանը: Գործընթացը տեղի ունեցավ հունիսին՝ Վրաստանի միջնորդությամբ: Ինչպես ընդգծվել է հաղորդագրության մեջ, Ղարիբաշվիլին եւ Էրդողանը նշել են, որ տեղի ունեցած փոխանակումը «լավ հիմք է հարեւանների միջեւ համագործակցության համար»: