Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցու...

Եվրոպան պետք է կանգնի փոփոխված աշխարհի մարտահրավերների առաջ և ուժեղացնի պաշտպանությունը, ինչպես նաև պետք է կարողանա ցույց տալ, որ ԱՄՆ-ի վասալը չէ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սորբոնում Եվրոպայի ապագային նվիրված իր ելույթում։

Մակրոնը նշել է, որ ԵՄ-ն բավարար չափով զինված չէ, որպեսզի դիմակայի համաշխարհային սպառնալիքներին, ինչպիսին է Ռուսաստանի ծավալած պատերազմն Ուկրաինայում։

«Եվրոպան այսօր մահկանացու է և կարող է մահանալ։ Այն կարող է մահանալ, և դա կախված է մեր կատարած ընտրություններից», - Մակրոնի խոսքերն է մեջբերում France24 պարբերականը։

Բացի այդ, նա կոչ է արել պաշտպանության և տնտեսության ոլորտներում ինքնիշխանության։

«Մենք պետք է կառուցենք այնպիսի Եվրոպա, որն ի վիճակի կլինի ցույց տալ, որ ԱՄՆ-ի վասալը չէ և կարող է խոսել աշխարհի բոլոր մյուս տարածաշրջանների հետ», - ասել է նա:

Ըստ Մակրոնի՝ Եվրոպան պետք է բոլոր երկրների հետ բանակցություններ վարելու կարողություն ունենա «ոչ միայն տնտեսական թեմաների, այլև ռազմավարական գործընկերության հարցերի շուրջ»։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ռազմական սարքավորումներ գնելիս նախապատվություն պետք է տալ եվրոպացի մատակարարներին, իսկ այս ջանքերի ֆինանսավորման համար հարկավոր է դիմել եվրոպական վարկերի։

Մակրոնը նաև կոչ է արել վերանայել ԵՄ առևտրային քաղաքականությունը՝ մեղադրելով ինչպես Չինաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին համաշխարհային առևտրի կանոնները չհարգելու մեջ։