Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղ...

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ: