Վրաստանի նոր կառավարությունից ինչ սպասել

Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշեց վարչապետի պաշտոնը վստահել Գախարիայի կաբինետում Պնախարարի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլուն։ Թեեւ ըստ ընթացակարգի, Ղարիբաշվիլու առաջադրումը պետք է անցնի պառլամենտական քվեարկություն, հաստատվելու համար, սակայն հաշվի առնելով, որ «Վրացական երազանքը» մեծամասնություն է պառլամենտում եւ բացի այդ էլ ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են պառլամենտի աշխատանքը եւ չեն վերցրել իրենց մանդատները, կարելի է ասել, որ քվեարկությունը բան չի փոխի։ Ղարիբաշվիլին 2013-15 թթ աշխատել է վարչապետ։

Ի դեպ վերջին վեց տարում Վրաստանում ութ վարչապետ է փոխվել։ Թե ինչ կարելի է սպասել Ղարիբաշվիլու երկրորդ անգամ վարչապետացումից, դժվար է ասել։ Տեղի վերլուծաբանները եւ փորձագետները կարծում են, որ երկիրը նախկինի նման կշարունակի ղեկավար «Վրացական երազանքի» հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, իսկ Ղարիբաշվիլին նրան առավել մոտ կանգնած կուսակցականներից է։ Թբիլիսիում կարծխում են, որ Գախարիան օրինակ, մի շարք հարցերում ուներ Իվանիշվիլիի տեսակետներից տարբերվող տեսակետներ եւ այդ պատճառով թողեց վարչապետի պաշտոնը։ Հետաքրքրական է, որ տարբերությունների մասին բոլորը ասում են, սակայն կոնկրետ օրինակներ բերողներ չկան։

Շատերը կարծում են, որ Մելիայի կալանավորման հարցում են Իվանիշվիլին եւ Գախարիան տարակարծություններ ունեցել, սակայն ամենայն հավանականությամբ Մելիայի կալանավորման հարցը պարզապես պատճառ էր, որը օգտագործեց Գախարիան, ինչպես որ Մելիան իր կալանավորման հարցը օգտագործեց՝ Վրաստանում ներքաղաքական իրավիճակը սրման տանելու համար։ Արդեն այսօր, ըստ վրացի փորձագետների, Ղարիբաշվիլու վարչապետացումը որոշակի անհանգստություն առաջացնում է Արեւմուտքում, քանի որ նա օրինակ, կողմնակից է, որ Թբիլիսին որքան հնարավոր է սերտացնի հարաբերությունները Պեկինի հետ, հանուն այն բանի, որ վերադարձնի Վրաստանի պատմական առաքելությունը տարածաշրջանում։

Հարավային Կովկասում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ձեւավորված նոր իրականության պայմաններում այս մոտեցումը դժվար թե փոխվի, հակառակը, կարող է խորանալ, հատկապես եթե նկատի ունենանք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտով խոսք սկսեց տնալ տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերաբացումը։ Որոշ մասնագետներ էլ կարծում են, որ Ղարիբաշվիլու օրոք Վրաստանը միաժամանակ նաեւ կսկսի Միացյալ Նահանգների ուղեծրից շարժվել դեպի եվրոպական ուղեծիր։ Փոփոխություններ են հնարավոր նաեւ ռեգիոնալ քաղաքականությունում։ Սա առաջին հերթին կարող է վերաբերել Թուրքիային։ Բանն այն է, որ Արեւմտյան աշխարհին անդամագրվելու հայտ ներկայացրած Վրաստանը Թուրքիան ընկալում էր որպես Արեւմուտքի մի մաս։ Սակայն հիմա Անկարան բավականին հեռացել է Արեւմուտքից եւ սա կարող է իր հետեւանքները ունենալ։

Հնարավոր է նաեւ որոշակի փոփոխություններ լինել նաեւ վրաց-ադրբեջանական հարաբերություններում, սակայն ընդհանուր առմամբ, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կդրսեւորի իրեն Ղարիբաշվիլու կաբինետը։