Իրականում ո՞վ է նախկինների դաշնակիցը

ԲՀԿ քաղխորհրդի նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ունեցած ելույթը շարունակում է փոթորկել իշխանական պատգամավորների, նախարարների և այլ չինովնիկների հոգիները։ Նրանք արդեն երեք օր է ինչ ամենատարբեր գրառումներն են անում ու ԲՀԿ առաջնորդին մեղադրում նախկինների հետ կապ ունենալու մեջ։

Հետաքրքիր է, որ Ծառուկյանին նախկինների հետ կապի մեջ են մեղադրում գործիչներ, որոնք 2015 թվականին շատ հանգիստ հետևում էին, թե ինչպես են նախկին իշխանությունները պետական ամբողջ մեքենան բանեցնում Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեմ։ Նախորդ իշխանությունը մեկ հրահանգով, մեկ գիշերում կալանավորեցին Գագիկ Ծառուկյանի 700 թիմակիցների եւ համախոհների։

2015-ին, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերջին օրերն էր ապրում և ընդդիմության միակուռ լինելը անշրջելի էր դարձնելու այդ ընթացքը (գործընթացում առանցքային դեր ուներ Գագիկ Ծառուկյանը) Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները կողքից էին հետևում կատարվողին։ Ավելին, նրանք հաճախ նախկին իշխանություններին ձեռնտու գործողություններ և հայտարարություններ էին անում։

Հետաքրքիր է,  որ նույն Սերժ Սարգսյանի իշխանությունն առավել մեղմ գտնվեց Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Փաշինյանի և իր թիմակիցների նկատմամբ բիրտ ուժ չկիրառեցին անգամ այն ժամանակ, երբ նա գրավեց պետական հատուկ պահպանվող օբյեկտ՝ ռադիոտունը։ Եվ երբ 2018-ին տեղի ուենցածը համեմատում ես 2015-ին տեղի ունեցածի հետ, ապա բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, որոնց պատասխանները մեծ անհարմարություններ կպատճառեն ներկա իշխանություններին։

Հ․Գ․ Ի վերջո այս իշխանությունները չպետք է մոռանան, որ Փաշինյանի լեգիտիմությունը ապահովվել է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շնորհիվ, հակառակ պարագայում 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհով զրկված կլիներ վարչապետ դառնալու հնարավորությունից։