Թուրքիայում խորանում է Էրդողանի քաղաքականությ...

Որքան էլ Էրդողանը իրեն ինքնավստահ պահի եւ ստեղծի տպավորություն, որ ամեն ինչ կարգին է, սակայն իրականում թուրքական հասարակությունում բավական անհանգստացած են նրա վարած արտաքին քաղաքականությամբ, որը արդեն հասել է այնտեղ, որ Թուրքիայի բազմամյա դաշնակից Միացյալ Նահանգները առաջին սանկցիան է կիրառել Անկարայի դեմ։ Ըստ թուրքական մամուլում եղած հրապարակումների, թուրքական հասարակության մեջ անհասկանալի են համարում հատկապես Էրդողանի՝ Ղրիմի հարցում ունեցած դիրքորոշումը։

Փչացնելով հարաբերությունները ԱՄՆ հետ, Էրդողանը կարծես թե պետք է ամբողջապես թեքվեր դեպի Ռուսաստանը․ գոնե առողջ բանականությունն ու տրամաբանությունը դա են հուշում։ Սակայն Ղրիմի առնչությամբ նրա արած հայտարարությունները, որոնք ընդգծված հակառուսականություն են պարունակում, առնվազն տարակուսելի է։ Ավելին, տարակուսելի է նաեւ այն, որ դեկտեմբերի տասնյոթին թուրքական պատվիրակություն է մեկնում Ուկրաինա Մեւլյութ Չավուշօղլուի եւ Հուլուսի Աքարի գլխավորությամբ, եւ հանդիպումներ են տեղի ունենում նաեւ ղրիմյան անջատողական ուժերի ղեկավարների հետ։ Իհարկե հնչում են նաեւ հակառուսական հայտարարություններ, իսկ թուրք-ուկրաինական հարաբերությունները որակվում են որպես ռազմավարական գործընկերային։

Թուրք լրագրողներն ու վերլուծաբանները տրամաբանական հարց են տալիս․ այն իրավիճակում, երբ Ամերիկայի եւ Եվրոպայի հետ կարելի է ասել, ամբողջապես փչացած են, իմաստ ունի արդյոք Ռուսաստանին էլ տրամադրել Անկարայի դեմ։ Եվ ինչի վրա է հույս դրել Էրդողանը։ Այս առնչությամբ բավական հետաքրքիր համեմատություն կա այն մասին, որ Ղրիմի մասով խաղը կարող է շատ թանկ արժենալ Էրդողանի համար, քանի որ Ղրիմը հաստատ Ղարաբաղը չէ եւ Ղրիմի մասով արձակված ամեն մի քարը ի վերջո անհամեմատ ավելի ուժեղ հակահարվածով հետ է գալու Թուրքիային։ Եվ բացի այդ, ռուսներին Թուրքիայի դեմ տրամադրելով, Էրդողանը թուլացնում է հենց Թուրքիան՝ Արեւմուտքի «հարձակման» հնարավորությունները ավելացնելով։