Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հ...

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
 
«Սևան-Մարտունի­Գետափ միջպետական ճանապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:
 
Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկույթի հին շերտի ֆրեզման և հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման և ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնե վերին շերտի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, ևս 2 հազար 200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում և իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր:
 
Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթևեկության նշաններով և գծանշումներով: Միջպետական նշանակության այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգման էր ենթարկվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, 2003 թվականին: Աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ:
 
Օգոստոսի 5-ի դրությամբ աշխատանքներն արդեն կատարված են ավելի քան 50 տոկոսով»,-գրել է մարզպետը: