Ռուս համանախագահը սուտ է համարում Փաշինյանի դ...

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում էիր իր «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը, ամենայն հավանականությամբ չէր մտածել, որ հոդվածի հրապարակումից հետո, այն էլ շաբաթներ անց, հնարավոր է լուրջ հակազդեցություն լինի հոդվածում արծարծված թեզերի առնչությամբ։

Նա երեւի չէր էլ մտածում, որ նրան կարող է հակազդել օրինակ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունում Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը։ Մինչդեռ, երեկ ռուս բարձրաստիճան դիվանագետը հանդես եկավ պարզաբանումներով եւ ըստ էության ոչնչացրեց Փաշինյանի՝ վերոնշյալ հոդվածում հատկապես շեշտադրված այն թեզը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկություններում Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված լուծումներ չեն եղել եւ շեշտադրված է եղել միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձը։

Ի դեպ հոդվածը սուր քննադատության է ենթարկել նաեւ Վլադիմիր Սոլովյովը։ Եթե բուն հոդվածին անդրադառնանք, ապա բավական զարմանալի մի բան պետք է արձանագրենք․ տպավորություն է, որ այն պարզապես Նիկոլ Փաշինյանը չի գրել, կամ պարզապես թեզերն է հեղինակել, որոնք հնարավորինս «ոչ-նիկոլավարի» շարադրվել են ու հրամցվել, որոնք էլ նա սրբագրել է ու ստորագրել, կարգադրելով, որ հրապարակեն վարչապետի կայքում։

2-րդ տարօրինակությունն այն է, որ հոդվածը հրապարակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը բլոգային հարթակ չէ, եւ ոչ էլ անձնական սոցկայթային տիրույթ, այն պետության ղեկավարի պաշտոնական կայք է, որտեղ պետք է լինի միմիայն պաշտոնական տեղեկատվություն։

Այս համատեքստում բացահայտվում է Փաշինյանի մյուս ավանտյուրան․ եթե օրինակ հոդվածը հրապարակեր իր անձնական ֆեյսբուքյան էջում, դժվար թե արձագանքը լիներ այս մակարդակով, ուստի կարելի է արձանագրել, որ նա ցանկացել է հատկապես ընդգծել հոդվածում արծարծված թեզերը, այն դարձնել գրեթե պաշտոնական՝ վարչապետի կայքում հրապարակելով։ Հակառակ պարագայում, ինչպես եւ նշել ենք արդեն, Նիկոլ Փաշինյանը երբեք հանրության հետ երկխոսության, հարցերի պատասխանելու հետ կապված բարդություններ ու սահմանափակումներ չի ունեցել։

Ստացվում, է, որ Փաշինյանը փորձում է շրջանառության մեջ դնել հակառուսականության թեզեր։ Բայց ինչու, եւ եթե այո, ապա գալով արդեն սկզբում ասված մտքին, ով է հանդիսանում Փաշինյանի հոդվածի իրական հեղինակը կամ ում պատվերով է հոդվածը հրապարակվել։ Սա արդեն ամենից կարեւոր հարցն է, որ պետք է ունենա իր պատասխանը։