Միրզոյանը Նորվեգիայի գործընկերոջ հետ հեռախոսա...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ։

  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից  տեղեկացնում են ,որ  նախարար Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին:

«Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավել բռնի տեղահանված բնակչության առաջնային կարիքների գնահատմանը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի: Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման հրամայականը: 

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Նորվեգիա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի: