Իսկ ովքե՞ր են Փաշինյանին քննադատողները

Հայաստանի քաղաքական կյանքի համար աղետալի է եղել այն, որ ընդդիմադիր ուժերն իրենց գործընկերների և լրատվամիջոցների կողմից հիմնականում քննադատության չեն ենթարկվել:  Անգամ ամենահիմար ընդդիմադրին քննադատողը միանգամից դիտարկվում էր, որպես իշխանության պրոյեկտ: 

Հենց նման կեցվածքն էր պատճառը, որ ծնեց այսօրվա իրողությունը: Հիմա էլ կարծես տենդենցը շարունակվում է: Ընդդիմադիրները շարունակում են անձեռնմխելի մնալ լրատվամիջոցների քնանդատության համար, ինչը հնարավորություն է տալիս ամենատարբեր շառլատանների հայտնվել ընդդիմադիր հարթակներում և ժողովրդի հոգսերի հաշվին, պետության խնդիրների հաշվին քաղաքական կարիերա անել ու հետո այդ հավաքված դիվիդենտները հարմար գնով վաճառել մեկին, հիմնականում իշխանություններին:

Հիմա շատ հեշտ է քննադատել Նիկոլ Փաշինյանին: Քննադատությունն իհարկե տեղին է և նա իր գործունեությամբ արժանացել է դրան, բայց հետաքրքիր շերտեր են բացվում, երբ փորձում ես ուսումնասիրել, թե ովքեր են այդ քնանդատները:

Պատերազմից հետո, օրինակ, տարբեր քաղաքական ուժեր Նիկոլ Փաշինյանին անվանում են դավաճան, քանի որ, ըստ նրանց, նա չի կանգնեցրել պատերազմը հոկտեմբերի 19-ին, ինչպես իր հարցազրուցներից մեկի ժամանակ զարմանքով նկատել էր ՌԴ նախագահ Պուտինը: Ընդդիմադիրները պնդում են, որ եթե հոկտեմբերի 19-ին կանգնեցվեր պատերազմը, ապա հնարավոր կլիներ փրկել հազարավոր կյանքեր: Պնդումն իհարկե տեղին է, բայց հետաքրքիր է, թե ովքեր են անում այդ պնդումները:

Փաշինյանին պատերազմը չկանգնեցնելու համար դավաճան համարող ընդդիմության մի մեծ հատված հոկտեմբերի 17-ին, երբ կառավարությունում հանդիպել էր վարչապետին և լսել էր պատերազմը կանգնեցնելու հրամայականի մասին պնդումը՝ կտրականապես հրաժարվել էր աջակցել այդ մտքին և պահանջել էին Նիկոլ Փաշինյանից շարունակել պատերազմը, քանի որ հաղթելու շանսեր ունենք: 

Եվ հիմա, եթե միայն պատերազմը չկագնեցնելու համար այդ ուժերը Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան, ապա պետք է քաջություն ունենան կանգնեն նրա կողքին և հայտարարեն, որ իրենք ևս դավաճաններ են, քանի որ հոկտեմբերի 17-ին պնդել են, որ պետք է պատերազմը շարունակել: Այլ պարագայում իրենց արածը առավել մեծ դավաճանություն է հանրության նկատմամբ:

Սա իհարկե չի նշանակում, որ համընդհանուր մեղավորության պայմաններում պակասում է  Փաշինյանի մեղքը:Ամենևին ոչ: Բայց սա նշանակում է, որ լուծում գտնելու համար, առնվազն Փաշինյանին սխալ որոշման գնալու դրդողները պետք է լռեն: