Ինչ հույսեր են կապում Ադրբեջանում նոր ԱԳ նախա...

 Ադրբեջանի նոր ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թեեւ արդեն պաշտոնապես ներկայացվել է իր աշխատակազմին եւ մտել իր լիազորությունների կատարման մեջ, սակայն արտաքին քաղաքական շատ հարցերում հանդես է գալիս Ադրբեջանի նախագահի օգնական Հիթմաթ Հաջիեւը, ով ժամանակին աշխատել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունում եւ նույնիսկ, ըստ ադրբեջանական մամուլում շրջանառված լուրերի, ունեցել է ԱԳ նախարար դառնալու հավակնություններ եւ նախկին նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության գործում վերջին դերակատարը չի եղել։

Նախօրեին էլ Բաքվում արտաքին քաղաքականության հետ կապված հայտարարությունները արվեց Հիքմաթ Հաջիեւի կողմից։ Ադրբեջանցի քաղաքագետները կարծում են, որ Բայրամովի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի ծանոթանալ Ղարաբաղյան կարգավորման բանակցային փաթեթի հետ։ Ուշագրավ է, որ նախկին կրթության նախարար Ջեյհուն Բայրամովին ադրբեջանական կողմի քաղաքագետները բարձր են գնահատել որպես կրթության նախարար, թեեւ իրականում նրա միակ ներդրումը եղել է աճող սերնդի մեջ հայատյացության սերմանումը։ Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վալիզադեն, օրինակ կարծում է, որ լիովին բնական է, որ սկզբնական շրջանում Բայրամովը արտաքին քաղաքականության ոլորտի հարցերում հիմնվի իր աշխատակազմի եւ Հիքմաթ Հաջիեւի օգնության վրա։

Ուշագրավ է, որ մասնագիտությամբ տնտեսագետ Բայրամովի հետ հույսեր են կապում արտաքին տնտեսական քաղաքականության ակտիվացում ակնկալողները։ Այս առումով, Բաքվում հույս ունեն, որ Բայրամովը կկարողանա գլուխ բերել Բաքու-ԵՄ համապարփակ փաստաթղթի ստորագրումը, որը արդեն տեւական ժամանակ է ձգձգվում է, թեեւ վերջին շաբաթներին Բաքուն ազդակներ է հղել Բրյուսել, որ պատրաստ է շարունակել բանակցությունները այս ուղղությամբ։