Հորը բիրտ ուժով ձերբակալելու մասին գրառումից...

Լրագրող Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սիրելի ընկերներ, հարգելի գործընկերներ,

սույնով տեղեկացնում եմ, որ ս.թ. ապրիլի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Մարտի 13-ի հայտնի դեպքերից` հորս` Գագիկ Սարգսյան-ի ձերբակալությունից և Ֆեյսբուքում իմ կողմից արված գրառումից հետո, որում գործող իշխանություններին իրենց բռնի գործողությունների համար անվանել էի իբր թե ժողովրդավարական, ինձ առաջարկել են գրել ազատման դիմում` հասկացնելով, որ ստիպված են խզել ինձ հետ աշխատանքային հարաբերությունները։ Սա չեմ գրում որպես մեղադրանք, ու երևի թե իմաստ էլ չկա քննարկելու` ճիշտ էր գրելը, թե ոչ, իրավունք ունեին, թե ոչ։ Եղածը եղած է։ Էդ օրերին ես էնպիսի էմոցիոնալ ծանր վիճակում էի, որ դրա մասին մտածելու ժամանակ չունեի։ Համենայն դեպս, ես, որպես լրագրող, չէի կարող այդ ամենը տեսնելով` չբարձրաձայնել ու որևէ գնահատական չտալ կատարվածին։ Մի կողմից նաև ուրախ եմ, որ հիմա ունեմ խոսքի ազատություն ու կարող եմ ազատորեն իրերը կոչել իրենց անուններով։

Հիմա ամենակարևորը, հորս ազատությանը հասնելու հետ մեկտեղ, աշխատանքիս հարցը հնարավորինս արագ լուծելն է։ Մեծ հաճույքով ու գրելու անհագ ցանկությամբ ուզում եմ վերադառնալ ակտիվ լրագրություն։ Հուսով եմ, որ մասնագիտական որակներս չեմ կորցրել։ Այնպես որ, բաց եմ լավ առաջարկների համար։ Կաշխատեմ այն լրատվամիջոցում կամ կազմակերպությունում, որը ստիպված չէ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով` Արցախի փոխարեն գրելու «Լեռնային Ղարաբաղ»»։

Հիշեցնենք՝ Արամ Սարգսյանը մարտի 13-ին գրել էր, որ հատուկջոկատայինները առավոտյան մտել են իրենց տուն, տանեցիներին պառկեցրել գետնին, իրեն հարվածել, իսկ հորը՝ Գագիկ Սարգսյանին, բերման ենթարկել: ՔԿ-ն էլ հայտնեց, որ Գագիկ Սարգսյանն անցնում է ՔՊ-ականների տների և գրասենյակի մոտ պայթուցիկ սարքեր տեղադրելու գործով: