ՀՀ նախագահը Solidaire հիմնադրամի տնօրենի հետ...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է արգենտինական «Solidaire» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, օդաչու և պրոդյուսեր Էնրիկե Պինեյրոյի հետ:

Էնրիկե Պինեյրոն Հայաստան է ժամանել սեփական Բոինգ 787 օդանավով՝ բերելով Արգենտինայի կառավարության և հայկական համայնքի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը:
Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել արգենտինացի բարերարին իր նախաձեռնության համար և նշել, որ նման ձեռնարկներն արժանի են ամենաբարձր գնահատանքի:

«Վստահ եմ, որ Ձեր արարքը Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների բարեկամության հերթական դրսևորումներից է և արժանվույնս կգնահատվի մեր հայրենակիցների կողմից»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

Էնրիկե Պինեյրոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել է, որ իր հիմնադրած «Solidaire» հիմնադրամի գործունեության առաքելությունը բարեգործությունն ու հումանիտար աջակցությունն է դրա կարիքն ունեցող մարդկանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական բարեկամության և լավագույն ավանդույթներ ունեցող համագործակցության վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար խնդիրներին:

Երկուստեք շեշտվել է, որ մարդասիրական առաքելությունները և նախաձեռնությունները չեն ճանաչում սահմաններ և ազգային պատկանելություն: