Հայաստանը մտահոգել է Թուրքիային

Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, Անկարայում բավական անհանգստությամբ են ընդունել երեկ՝ Սեւրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանից հնչած հայտարարությունները։ Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը նույնիսկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սպառնալից տոնայնությամբ հորդորել է Հայաստանին «մի կողմ դնել ազգայնական քաղաքականությունը եւ խելքի գալ։

Ինքնին հասկանալի է, որ Սեւրի պայմանագիրը, թեեւ անատամ վիճակում, սակայն շարունակում է մնալ միջազգային իրավական փաստաթուղթ, որին հղում տալը Հայաստանի համար մեղմ ասած տարածքային պահանջ է, որը ներկայացվում է Թուրքիային, որքան էլ Հայաստանը հայտարարի, որ հանդիսանում է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը եւ չունի տարածքային պահանջներ հարեւաններից։

Այս ֆոնին չափազանց ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլը կրկին անդրադարձել է Նախիջեւանում շարունակվող թուրք-ադրբեջանական զորախաղերին, ինչպես նաեւ այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այցելելու է Թուրքիա։

Սա կարծես թե Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է, եւ հատուկ կերպով շեշտադրումը, որ այցը լինելու է Թուրքիա, ընդգծում է թուրք-ադրբեջանական դաշինքը որը, գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ։