Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզի...

Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի․

«ԼՂՀ պաշտպանության բանակը առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին կարող ենք արձանագրել, որ հրադադարը չհաջողվեց պահպանել արդեն երրորդ անգամ»։

Փաշինյանը հայտնեց, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և նրան ուղիղ ասել, որ կանխատեսելի է՝ հրադադարը չի պահպանվի և Ադրբեջանը կասի, որ հրադադարը խախտել է հայկական կողմը․

«Հիմնական հարցերը, որ ես դրել եմ պետքարտուղարի առաջ եղել է այն, որ եթե հրադադարը տեղի չունենա, ինչպես ենք պարզելու՝ ով է դրա մեղավորը, և երկրորդը՝ ինչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար»։

Պոմպեոյի պատասխանները վարչապետը չհրապարակեց, բայց հույս հայտնեց, որ այս հարցերի պատասխանները այսօր ԱՄՆ-ում կտան։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Ռուսաստանի նախագահները ամենայն անկեղծությամբ են ուզում, որ տարածաշրջանում հրադադար հաստատվի․

«Այդ տերությունների ղեկավարները իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ։ Եթե ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, սա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք բոլորովին նոր աշխարհում և պետք է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում այդ աշխարհը»։

ՀՀ վարչապետը ընդգծեց՝ այս ողջ ընթացքում Հայաստանը եղել է շատ ճկուն և եկել են եզրահանգման, որ Ադրբեջանը ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա, ընդ որում՝ այս պահանջարկը ոչ միայն այսօրվա, այլ նաև պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանջարկ է․

«Ադրբեջանը հիմա ոչ թե Ղարաբաղյան հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա։ Հայ ժողովուրդը պատրաստ է արդյո՞ք փոխզիջումների։ Ես կարող եմ ասել՝ այո պատրաստ է, նույնիսկ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի և պետք է ռեսուրսների գտնենք դիմակայելու և մեր իրավունքները պաշտպանելու»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետք է հասնել նրան, որ Ադրբեջանի համար ընդունելի լինի փոխզիջումային տարբերակը։

«Շատ ճակատագրական պահ է, և մեզնից որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում, սփյուռքոմ կգտնվեն ուժեր, որոնք այս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի այնքան, որքան նվիրված են այն զիվորները, որոնք նույնիսկ կյանքի գնով իրենց դիրքը չեն լքում»,- ընդգծում է վարչապետը։

Նաև հավելում է՝ կան իրենց կյանքի գնով, առյուծի նման կռվող տղաներ, և նրանց պետք է պատշաճ գնահատանքի արժանացնել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան մարդիկ, որոնք փախչում են մարտի դաշտից, և նրանք պետք է արժանանան հանրային ամենասուր պարսավանքի, ինչ պատճառով էլ, որ լքած լինեն մարտի դաշտը․

«Որպեսզի հնարավոր դարձնենք փոխզիջումը, պետք է կանգնենք բոլորս Հայասատանում, Սփյուռքում, ամենուր, կին թե տղամարդ, քանի որ մենք գտնվում ենք մեր շահերի եզրագծին»։

Փաշինյանի համոզմամբ՝ այս օրերին զինկոմիսարիատների դիմաց պետք է զինվորագրվողների 24-ժամյա հերթեր լինեն, ընդ որում՝ դիմակներով, մարդիկ պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցնեն և պատրաստ լինեն Պաշտպանության բանակի հրամանատարի ցանկացած հրամանի կատարմանը, քանի որ այսօր որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրը։