
Ադրբեջանը, ուզենք, թե չուզենք, Հայաստանի արևելյան և մասամբ նաև արևմտյան հարևանն է. ՀՀ-ն չի կարող փոխել իր աշխարհագրությունը, ՀՀ-ն պիտի հավերժ լինի և հավերժ լինի այս տարածաշրջանում, դրա հմար նա պետք է կարողանա համակեցության որևէ ֆորմուլա ձևավորել այս հարևանության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են հասնելու Ադրբեջանի հետ խաղաղության, եթե նա դա չի ուզում:
«Դրա համար խաղաղության գործընթացը այլընտրանք չունի, մենք պիտի ամեն ջանք գործադրենք, որպեսզի պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, խաղաղություն հաստատենք մեր հարևանների հետ, նորմալացնենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Պետք է այնքան աշխատենք, մինչև այդ ցանկությունը հասունանա: Պետք է անընդհատ դիվանագիտական ջանք չխնայելով փորձել հասնել խաղաղության։ Շատ-շատ բարդ է, այո, ես ընդունում եմ և շատ հաճախ հիասթափեցնող են Ադրբեջանի արձագանքները:
Պետք է հասնել նրան, որ չկրակեն: Օրնակ, մենք հասանք նրան, որ 2024 թվականին սահմանին զոհեր չեղան, ինչն աննախադեպ երեւույթ էր»,-ասաց նա:
Հարցին՝ իր կարծիքով ինչու է վերջին շրջանում Ադրբեջանը կրակում հայկական բնակավայրերի ուղղությամբ, Խանդանյանը պատասխանեց. «Որոշակի դրական միջազգային մթնոլորտ կա ձևավորված խաղաղության պայմանագրի համաձայնեցման շուրջ և գուցե կա նպատակ այդ մթնոլորտը մի քիչ ոչ դրական դարձնելու, այսինքն ցույց տալու, որ կա որոշակի խնդիր: Սա ընդամենը ենթադրություն է»: