1,5 տարում սպառազինության շատ շոշափելի ձեռքբե...

Մենք ավելի քան 2 մլրդ հատկացրել ենք զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար։ Հիմա մեծ թափով ընթանում է սննդի ապահովման որակը եւ պայմանները բարելավելու համար, որը թույլ տվեք ասել հեղափոխական նշանակություն ունի։ Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, դա տեղի է ունենում մի քանի ուղղություններով. «Առաջին հերթին զինվորի սննդի որակը, երկրորդը զինվորի ինքնազգացողությունը, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում զինվորին եւ նրա կարիքներին։ Երրորդը դա սոցիալական ազդեցությունն է։ Սննդի որակի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալները չեն ուղարկում։ Նրանց ծախսերն են կրճատվում, որն էլ հենց սոցիալական ազդեցությունն է»,-ասաց վարչապետը։

Հաջորդը, ըստ նրա, սպառազինության ձեռքբերումն է. «Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ այս 1,5 տարվա ընթացքում շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք։ Այսօր բացի սպառազինությունը, ավտոմոբիլային մեծ քանակությամբ տեխնիկա է ձեռք բերվում։

Ես այս համատեքստում կարեւորում եմ նաեւ զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետեւ այսօրվա սպան գիտի, որ վաղը զինթոշակառու է լինելու եւ արձանագրում է, որ կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու, ընդհակառակը, Արցախի իշխանությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչեւ 2023 թվականը ներառյալ լուծենք»։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում զինվորի հագուստի եւ կոշիկի առումով. «Պետք է ասեմ, որ դեռ չենք հասել մեր ուզած որակին, բայց շատ էական փոփոխություն կա։ Իհարկե, որոշակի պրոբլեմներ ունենք նաեւ այս պրոցեսների սպասարկման հետ կապված զինվորների ընկալման առումով։

Ամենակարեւորը հետեւյալն է, որ զինվորը ամենահեռավոր մարտական հենակետում պետք է իր կողքին զգա կառավարության ներկայությունը, ժողովրդի ու հայրենիքի ներկայությունը։ Զինվորը դիրքում երբեք իրեն մենակ չպետք է զգա։ Այսօր դիրքերը ենթակառուցվածքներով են հագենում, ճանապարհներ են կառուցվում, դիրքերը խմելու ջրով են ապահովվում եւ այս պրոցեսը ավելի մեծ թափ է ստանալու։ Զինվորը, զինված ուժերը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, հայրենիքը ամեն վայրկյան, եւ այդպես լինելու է միշտ։ Այդ զգացողությունը զինվորի սրտում անընդհատ պետք է ուժեղանա։ Իհարկե, դա կապված է շոշափելի ենթակառուցվածքների հետ, բայց դրա հիմնական իմաստը մտքի եւ զգացողության փոփոխությունն է։

Զինված ուժերում սպայական կազմի աշխատավարձի բարձրացումը, որը շատ էական բարձրացում է։ Այս պրոցեսը շարունակվելու է անընդհատ, հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ եւ ամեն դարի հետ»,-ասաց նա։