«Զուր մի՛ փորձեք». Էրդողանի վարչակազմը մերժել...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը մերժել է երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչերն այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջին անգամ առաջ է անցել իշխող կուսակցությունից։

Թուրքիայի ղեկավարի խորհրդական Մեհմեթ Ուչումն ապրիլի 1-ին ընդգծել է, որ ներկայիս ղեկավարի պաշտոնավարման ժամկետը կտևի մինչև 2028 թվականը։

Ուչումը նախազգուշացրել է, որ նրանք, ովքեր ակնկալում են արտահերթ համընդհանուր նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ հիմնված ՏԻՄ ընտրություններում քվեարկության արդյունքների վրա, «զուր չփորձեն»։

«Թուրքիան չորս տարի շարունակ առանց ընտրությունների մինչև 2028 թվականը բարեփոխումների քաղաքականություն է վարելու բոլոր ոլորտներում։ Նախագահ Էրդողանն իր ղեկավարությամբ Թուրքիան կտանի դեպի նոր փուլ՝ դեպի անկախ ու ուժեղ երկիր։ Ոչ ոք չպետք է կասկածի»,- գրել  է խորհրդականը X սոցիալական ցանցում:

«Նախագահական համակարգը երբեք թույլ չի տալիս ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընտրական պահանջներ ներկայացնել կառավարությանը և Թուրքիայի Ազգային ժողովին։ Նույնիսկ խորհրդարանական համակարգում ՏԻՄ ընտրությունների ազդեցության հարցը համընդհանուր ընտրությունների վրա որոշվում է ծայրահեղ արտակարգ իրավիճակներում։ Կարծել, որ նախագահական համակարգում նման ազդեցություն կլինի, դա ոչ այլ ինչ է, քան զուր երևակայություն։ Միգուցե կան մարդիկ, որոնք քնում են և նման երազներ տեսնում, բայց համակարգը մերժում է նման պատրանքները»,- հավելել է Ուչումը։

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը։

«Ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և որի հույսն ունեինք քաղաքային ընտրություններում», - ասել է Էրդողանն Անկարայում իր կողմնակիցներին:

Էրդողանը կարծիք է հայտնել, որ ժողովուրդը ընտրության միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը քաղաքական գործիչներին, և անկախ քվեարկության արդյունքներից՝ հաղթող է դարձել թուրքական ժողովրդավարությունը։ Նա նշել է, որ ընտրություններն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։ Էրդողանի խոսքով՝ դրանք «ոչ թե վերջն էին, այլ շրջադարձի սկիզբը»։

Երկրի ղեկավարը խոստացել է, որ առաջիկա 4-5 տարիներին իր կուսակցությունը կենտրոնանալու է երկրի հրատապ խնդիրների վրա։

Քվեաթերթիկների 93%-ի հաշվարկից հետո Ժողովրդահանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստացել է ձայների 37,4%-ը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,7%: Ընտրությունների արդյունքներից հետո երեք խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը կպահպանեն իրենց պաշտոնները։