«Ես վստահ չեմ, որ այդ հայտարարության պահին Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ գիտակից վիճակում էր գտնվում: Չեմ կարծում՝ սթափ էր, թե ինչի ազդեցության տակ էր, չեմ կարող ասել»,-Politik.am-ի հետ զրույցում ասում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Antifake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված հետևյալ հորդորին.«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»:
Հայտարարությունից հետո Նարեկ Սամսոնյանը բաց նամակով դիմել էր ԱԱԾ-ին՝ հայտնելով, որ այդ պայքարում պատրաստակամ է ինքն էլ օգնել, քանի որ մի քանի հարյուր ֆեյք օգտահաշիվներ ուսումնասիրել են «Antifake.am» կայքի թիմով: Մեր այն հարցին, թե նամակը որևէ արձագանք ստացել է, Սամսոնյանը պատասխանեց.
«Ոչ մի արձագանք չի ստացվել, բնականաբար: Սա իրականում շատ հետաքրքիր տրամաբանություն ունի՝ ես ընդամենը փորձեցի բարոյական հարթության մեջ ցույց տալ, որ իրականում այն մարդը, ով ուզում է ֆեյքերի դեմ պայքարել, ամենաշատ ֆեյքերի սատարումը ունեցող գործիչն է: Նրանք, բնականաբար, լավ հասկանում են, որ եթե իրոք փորձեն պայքարել այդ ֆեյքերի դեմ, պետք կլինի ընդամենը մի քանի պետական պաշտոնյայի ասել, որ այդ ֆեյքերը այլևս չգործեն: Նիկոլ Փաշինյանը մոնոպոլիստ է ֆեյքերի առումով՝ ֆեյք քաղաքական գործիչների, ֆեյք լուրեր տարածելու, ֆեյք էջեր ունենոլու առումով: «Ֆեյքայնության աստիճանը», որ ունեն անձամբ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը, շատ բարձր է»: Երկրի իշխանությունը հաղթում է ֆեյքերի մակարդակով, բայց ուզում է՝ մյուսները չանեն դա: Հայաստանում թիվ 1 ֆեյք նյուզ տարածողը իրենք են: Նրանց աշխատանքի դեմ ցանկացած քննադատություն ներկայացնում են որպես ֆեյք նյուզ: Մենք դեմ ենք քաղաքական խաղի այսպիսի կանոններին»:
Սամսոնյանն ասում է՝ տեխնիկապես ևս անհնար է գտնել բոլոր ֆեյքերին.«Հնարավոր չէ գտնել ֆեյքերին, եթե տվյալ մարդը չգնա ու չասի՝ ինքն է ֆեյքը: Ֆեյք ունենալը նաև նշանակում է վախենալ սեփական դեմքով հանդես գալ: Թող Նիկոլ Փաշինյանը մտածի՝ ինչու են մարդիկ նոր Հայաստանում վախենում իշխանությանը քննադատել ոչ իրական դեմքով: Ժողովրդի մեջ վախ կա, որը Նիկոլ Փաշինյանին «ալիևացնում» է. դա շատ վատ է»:
Մեր դիտարկմանը, թե այլակարծություններ կան ֆեյքերի վերաբերյալ. շատերն ասում են, որ քաղաքականության մեջ (հատկապես) դա վատ է, մի մասն էլ՝ թե դա ժամանակի տեխնոլոգիական զարգացումների պահանջն է, Սամսոնյանն ասում է.
«Քաղաքականության մեջ, ընդհանրապես, կեղծ լուրերը, կեղծ ամեն ինչը վատ է: Դրանք մի օր անպայման բացահայտվում են: Տեխնոլոգիաների առումով դա շատ նորմալ երևույթ է: Դա տեխնոլոգիա է, որը կիրառվում է աշխարհի բոլոր երկրներում, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները «ֆեյքային ֆաբրիկայով» փորձում են ազդել, օրինակ, ընտրությունների արդյունքների վրա: Սրա մեջ փնտրել դավադրություններ՝ լուրջ չէ: Երևույթը վատ է, տեխնոլոգիայի օգտագործումը՝ ոչ»:



