Ժամանակակից էկոլոգիան չի սահմանափակվում միայն...

Ժամանակակից էկոլոգիան չի սահմանափակվում միայն կլիմայի հարցով, դա մարդկության գոյության հիմքն է։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է համայնքների կայունությանը և ապագա սերունդների բարեկեցությանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության կանաչ և կայուն զարգացման ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, որը տեղի է ունենում Չինաստանի Նինբո քաղաքում։

«Այսօր մենք հայտարարում ենք մեր մոլորակի պաշտպանության գործում ընդհանուր պատասխանատվության մասին։ Սա նշանակում է, որ մենք խորապես գիտակցում ենք կայուն ապագայի ընդհանուր տեսլականի ձևավորման արդիականությունն ու կարևորությունը։ Ժամանակակից էկոլոգիան չի սահմանափակվում միայն կլիմայի հարցով, դա մարդկության գոյության հիմքն է։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է համայնքների կայունությանը և ապագա սերունդների բարեկեցությանը։ Այս լայն իմաստով բարեկեցիկ կյանքի էկոլոգիան հիմնված է մեր մոլորակի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի վրա»,- ասել է նա։

Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ այս ֆորումը ժամանակին և կարևոր միջոցառում է և հավելել. «Բնությունը կարող է գոյություն ունենալ առանց աշխարհաքաղաքականության, մինչդեռ աշխարհաքաղաքականությունը չի կարող գոյություն ունենալ առանց բնության։ Մեր երկրները կիսում են ընդհանուր էկոհամակարգեր։ Ամենակարևորը՝ մենք կիսում ենք պատասխանատվությունը»։

Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ, կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, Հայաստանը նախորդ տարի պաշտոնապես հայտնել է ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու ցանկության մասին։ Նա նշել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս ՇՀԿ շրջանակում շրջակա միջավայրի պաշտպանության, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի, հողերի դեգրադացիայի և անապատացման դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանը։ «Այս ոլորտներում արդյունավետ միջազգային համագործակցությունը կարևոր նշանակություն ունի մեր երկրների կայուն տնտեսական զարգացումն ապահովելու համար՝ հանուն ապագա սերունդների»,- ասել է նա։

Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության հարցերով համաժողովը։

«Առաջիկա տասնյոթերորդ համաժողովը կդառնա կարևոր փուլ կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի նպատակների իրականացման հավաքական առաջընթացի գնահատման և միջազգային համագործակցության ամրապնդման համար։ Համաժողովին ընդառաջ կկայանա առաջնորդների գագաթնաժողով, որը կդառնա քաղաքական հարթակ՝ կենսաբազմազանության ոլորտում գլոբալ պարտավորությունների ամրապնդման համար։ Գագաթնաժողովը կընդգծի կենսաբազմազանության մեծ ներդրումն ու նշանակությունը գյուղատնտեսության, առողջապահության, պարենային անվտանգության և այլ առանցքային ոլորտների կայուն զարգացման համար։ Որպես ընդունող կողմ՝ Հայաստանը կողջունի Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների առաջնորդների և պատվիրակությունների մասնակցությունը ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության հարցերով համաժողովին և համագործակցությունը։ «Համաժողովին ՇՀԿ-ի ակտիվ մասնակցությունը կնպաստի բնապահպանության և կանաչ ու կայուն զարգացման օրակարգում կազմակերպության դերի և ներդրման բարձրացմանը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ՇՀԿ-ի կանաչ և կայուն զարգացման ֆորումը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվում է ապրիլի 28-ից 30-ը։

«Գլոբալ կառավարման նախաձեռնության իրականացում և ՇՀԿ-ի կանաչ ու կայուն զարգացման համատեղ խթանում» խորագրով ֆորումը նպատակ ունի խթանել ՇՀԿ երկրների միջև կանաչ և կայուն զարգացման ոլորտում գործնական համագործակցությունը և նպաստել տարածաշրջանում կանաչ և ցածր ածխածնային վերափոխմանը։

Ֆորումին մասնակցում է ավելի քան 300 մարդ։ Նրանց թվում են Չինաստանի և արտերկրի շրջակա միջավայրի հարցերով իրավասու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ և գիտնականներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանից ֆորումին մասնակցում են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովի (COP17)՝ Հանրապետության նախագահության հատուկ բանագնաց Մհեր Մարգարյանը և Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գրիգորյանը։