«Մայիսի 7-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստ, ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ-ն: Ռազմավարական երկխոսության նիստում հայկական միջգերատեսչական թիմը գլխավորելու է փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, իսկ ԱՄՆ թիմը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը:
Խիստ խորհրդանշական է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը տեղի է ունենում թավշյա հեղափոխության, այսպես ասած, ֆորմալ հաղթանակի հենց մեկամյա տարեդարձի շեմին, եթե արձանագրենք, որ հենց մեկ տարի առաջ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը որպես համաժողովրդական շարժման թեկնածու վարչապետ ընտրվեց խորհրդարանում: Բանն այն է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունն անցնող մեկ տարվա ընթացքում պարբերաբար եղել է ուշադրության կենտրոնում, և՝ գլխավորապես նոր իրավիճակում և նոր հեռանկարում իր հասկանալիության և բովանդակության համատեքստում: Այստեղ իրավիճակն իսկապես բավականին ուշագրավ է, զգալիորեն հակասական: Մի կողմից՝ փոխադարձաբար եղել են հավաստիացումներ հարաբերության խորացման և զարգացման ուղղությամբ, մյուս կողմից ակնառու է, որ կողմերը միմյանց ունեն հարցեր, որոնց պատասխաններն առայժմ չեն գտնվում: Մի կողմից՝ եղել է «բոլթոնյան» աննախադեպ առաջարկը ամերիկյան սպառազինության մատակարարման առնչությամբ, մյուս կողմից՝ վարչապետ Փաշինյանը, օրինակ, նշել է, թե ԱՄՆ-ից ակնկալում է ավելին՝ Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո աջակցելու հարցում:
Իրավիճակը հարաբերական ու հակասական է նաև տնտեսության հարցում՝ հաշվի առնելով «Լիդիան» ընկերության թնջուկը, որը Նահանգների համար ունի զգալի նշանակություն, և ամերիկյան կողմը դիվանագետների մակարդակով բավական բաց տեքստով է շեշտադրել այդ հարցի կարևորությունը Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից:
Սրան զուգահեռ, կա ռուսական մեդիատարածությունում նկատելի և շոշափելի արշավը Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ, ըստ որի՝ տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, և Հայաստանը հայտնվել է արևմտյան ծիրում: Սա էլ, իր հերթին, հակասականորեն զուգորդվում է այլ գնահատականներով, թե Հայաստանի նոր իշխանությունը չունի Արևմուտքի հետ հարաբերության ռազմավարություն:
Այս իրապես հարաբերական և հակասական պատկերի ֆոնին ավելորդ է թերևս արձանագրել Հայաստան-ԱՄՆ հարաբերության կարևորությունը Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-քաղաքացիական, թե՛ անվտանգային հարցերի համատեքստում: Ավելին՝ հնարավոր է խոսել գերկարևորության մասին: Ի՞նչ կետում է հայ-ամերիկյան հարաբերությունն այժմ, և ինչ ռազմավարություն է ուրվագծվում հեռանկարի համար:
Երևանում տեղի ունենալիք նիստից, անշուշտ, պետք չէ բոլոր հարցերի պատասխանները սպասել, սակայն, մյուս կողմից, նաև ռացիոնալ չէր սպասել, որ հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունը նմանվելու էր տոնական շքերթի: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե իշխանափոխություն, այլ իրերի հեղափոխական շրջադարձ, թեկուզ այդ բառի ոչ դասական կամ դասագրքային իմաստով: Եվ այդ առումով հայ-ամերիկյան հարաբերությունը, որքան էլ տարօրինակ չհնչի, ունի մաքուր թղթից սկսելու անհրաժեշտություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



