Զելենսկին Թրամփին հրավիրել է Ուկրաինա. CBS

Վաշինգտոնում գերակշռում է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի տեսակետը։ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը լսում է Ուկրաինայի պատերազմի իրադարձությունների ռուսական մեկնաբանությունը: Նման գնահատական է հնչեցրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Ինչպե՞ս կարող ես ականատես լինել մեր զոհողություններին ու տառապանքներին, հասկանալ, թե ինչ են անում ռուսները, միևնույն ժամանակ հավատալ, որ նրանք ագրեսոր չեն, որ նրա՛նք չեն սկսել այս պատերազմը։ Սա խոսում է Ամերիկայի, ԱՄՆ քաղաքականության և ամերիկացի քաղաքական գործիչների վրա Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականության հսկայական ազդեցության մասին»,- ասել է Զելենսկին։

Նա կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին անձամբ այցելել պատերազմից տուժած երկիր։ «Եկեք և տեսեք մարդկանց, սպանված կամ վիրավոր երեխաներին, քաղաքացիական անձանց, զինվորներին, հիվանդանոցները, եկեղեցիները»։

Զելենսկին համոզված է, որ «նախագահ Թրամփը, լինելով ուժեղ երկրի ուժեղ նախագահ, պետք է լինի Ուկրաինայի կողքին»: Նա սխալ է համարել Միացյալ Նահանգների​​ չեզոք դիրքորոշումը: