Զելենսկին ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է Ուկ...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների և ամերիկյան BlackRock ներդրումային ընկերության ղեկավար Լարի Ֆինքի հետ տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցման հարցը։ 

Այս մասին Զելենսկին նշել է X-ում կատարած գրառման մեջ։

«Մեր թիմի հետ միասին ես արդյունավետ քննարկում ունեցա ամերիկյան կողմի՝ Սքոթ Բեսենթի, Ջարեդ Քուշների և Լարի Ֆինքի հետ։ Փաստորեն, սա կարելի է համարել այն խմբի առաջին հանդիպումը, որը կաշխատի Ուկրաինայի վերակառուցման և տնտեսական վերականգնման վերաբերյալ փաստաթղթի վրա»,- նշել է Զելենսկին գրառման մեջ։

Նա նաև ընդգծել է, որ քննարկել են վերականգնման հիմնական տարրերը, տարբեր մեխանիզմներ և վերակառուցման տեսլականներ։ 

«Կան բազմաթիվ գաղափարներ, որոնք ճիշտ մոտեցման դեպքում կարող են հաջողության հասնել Ուկրաինայում։ Մենք նաև թարմացրել ենք մեր մտորումները պատերազմի ավարտի շրջանակային փաստաթղթի 20 կետերի վերաբերյալ։ Հենց ընդհանուր անվտանգությունն է, որը կորոշի տնտեսական անվտանգությունը և կապահովի անվտանգ բիզնես միջավայր»,- նշել է նա՝ ավելացնելով․ «Մենք նաև համաձայնության ենք եկել մեր թիմերի միջև հաջորդ շփումների վերաբերյալ։ Ինչպես միշտ, մեր կողմից ուշացումներ չեն լինի։ Մենք աշխատում ենք արդյունքներ գրանցելու ուղղությամբ։ Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին և նրա թիմին իրենց էական աշխատանքի և աջակցության համար»։