
ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: Հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղում և Տավուշում հնչող կրակոցների վերաբերյալ:
«Վերջին շրջանում Ադրբեջանը նոտա էր հղել իմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված, եթե դա ձեզ հետաքրքրում է: Ընդհանուր առմամբ՝ ուզում եմ ասել, որ ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վալերի Սեմերիկովի հաշվետվությունում նշվել է, որ կա որոշակի լարվածություն Լեռնային Ղարաբաղում, ինչպես հասկանում եմ՝ կրակոցներ կան երկու կողմից էլ: Ես լսել եմ, որ Հայաստանի վարչապետը, ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի տարածքում, ասել է, որ Արցախը Հայաստան է և վերջ: Ադրբեջանի նախագահն իմ ներկայությամբ, ելույթ ունենալով բոլորի առջև, ասել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է: Իրականությունը բոլորը տարբեր կերպ են ընդունում»,- ասաց Զատուլինը:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքերի ուղղությամբ կրակոցներին, Զատուլինի խոսքով, եթե ՀԱՊԿ անդամ Հայաստանը անհրաժեշտություն տեսնի այդ հարցը դնել ՀԱՊԿ մյուս անդամների առջև, դրա իրավունքն ունի:
«Բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի: Դուք դա հարցնում եք, իսկ Հայաստանն այդ թեմայով ՀԱՊԿ-ին չի դիմել: Գուցե այս պահին նրանք կարծում են, որ այն, ինչ տեղի է ունեցել այդ շրջանում, բավարար հիմք չէ այդպես լուրջ արձագանքելու համար: Ինչ վերաբերում է պարտավորություններին, Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, նրա վրա հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ-ի մեխանիզմը: Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի տարածքում է մեր 102-րդ ռազմաբազան, դա հենց այնպես չէ այստեղ, ոչ միայն գեղեցկության համար»,-ասաց նա: