Զախարովան ասել է` անիծվելու եք կանոնիկ եկեղեց...

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կարծում է, որ ընդդիմությունը պետք է «ֆունկցիոնալ անգրագետ» լինի, որպեսզի աղմկահարույց բացահայտումներից հետո ՏԻՄ ընտրություններում դիմի ընտրակաշառքի բաժանմանը:

Սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում խորհրդարանականը հայտարարել է, որ ակնկալում է ազնիվ պայքար, իսկ իրավապահ համակարգը պատրաստ է կոռուպցիոն հանցագործությունների հետագա բացահայտմանը։

Անդրադառնալով Արցախում գտնվող հայկական Գանձասարի վանքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի անմիտ արարքին և նախագահ Ալիևի դրան հաջորդած հայտարարություններին՝ Հակոբյանը համաձայնել է, որ դա չի նպաստում խաղաղության օրակարգին, և լավ կլիներ, որ երկու կողմերն էլ զերծ մնային նման հռետորաբանությունից։ Գանձասարի առնչությամբ պատգամավորը հղում է արել Մատենադարանի տարածած հայտարարությանը։ Լրագրողի այն ճշտող հարցին, թե արդյոք Մատենադարանն այն գերատեսչությունն է, որն այսուհետ վարելու է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հակոբյանը պահանջել է չընդհատել իրեն և, նկատելով լրագրողի հեգնանքը, հակադարձել է՝ հիշեցնելով ընտրված խաղաղության ճանապարհի բարդության մասին։ Նրա խոսքով՝ փխրուն խաղաղությունն ամրանում է, բայց դեռևս հոգածության կարիք ունի։ «Հիմա կրակոցը փոխարինել է հայտարարություններով, որը մեր մոտ ներվ է առաջացնում (Հակոբյանը ցիտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը - խմբ․)։ Ճանապարհը բարդ է, մենք դա գիտեինք, բայց սպասվածից ավելի մեծ քայլերով ենք առաջ շարժվում։ Հնարավորություն տվեք խաղաղությունը հասցնել ավարտին։ Մեզ համար այդ հայտարարությունները կրկնակի տհաճ են»,- հայտարարել է պատգամավորը։

Ի պատասխան այն դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը կարծես թե հակված չէ խաղաղ հռետորաբանության, Հակոբյանը նշել է. «Փառք Աստծո, կա ուղիղ երկխոսություն, և մենք կարող ենք հարցերն ուղիղ քննարկել ադրբեջանական կողմի հետ»։ Նա չի համաձայնել այն տեսակետին, թե Երևանը չի արձագանքում Բաքվի պահվածքին։ Ըստ նրա՝ արձագանք միշտ էլ լինում է, սակայն «պետք չէ ակնկալել կրակոց՝ կրակոցի դիմաց, քանի որ դա մեզ չի տանում դեպի մեր նպատակակետը»։ Պատգամավորը կարծում է, որ Բաքվից հնչող որոշ հայտարարություններ նպատակ ունեն փոխելու իրավիճակը։ Եթե պատգամավորը ճիշտ է, ապա դա առավել ևս կասկածի տակ է դնում Ադրբեջանի խաղաղասիրական նպատակները, քանի որ հենց Հակոբյանի խոսքերից ստացվում է, որ Բաքուն սադրանքների առիթներ է փնտրում ու ստեղծում։

Այնուհետև պատգամավորը հավաստիացրել է, որ ռազմագերիների և պատանդների հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում։ «Չկա որևէ հանդիպում, որտեղ այդ հարցը չբարձրացվի»,- հայտարարել է Հակոբյանը։ Նա չի բացառել, որ կլինեն հայտարարություններ, որոնց արձագանք չի տրվի, սակայն խնդրահարույց հարցերը մշտապես քննարկվում են։ «Ինչպե՞ս կարելի է չխոսել գերիների կամ «Արևմտյան Ադրբեջանի» տեսքով ներկայացվող տարածքային նկրտումների մասին։ Բայց կան հարցեր, որոնք շոշափվում են զուտ որպես հայտարարություն»,- կարծում է Հակոբյանը։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի մասնակիցներն անեծքի կարժանանան, Հակոբյանը նշել է, որ նմանություն է տեսնում Զախարովայի և (ընդդիմադիր քաղաքական գործիչ) Արեգա Հովսեփյանի միջև։

Այնուհետև իր բաժին քննադատությունն է ստացել նաև Հայաստանի ընդդիմությունը։ Հակոբյանի կարծիքով՝ քանի որ ընդդիմությունը իշխանություններին քննադատելու առիթներ չի գտնում, նրան մնում է միայն սպասել հարևան երկրից հնչող հայտարարություններին։

Խոսելով «ՔՊ» նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի բացահայտումների մասին՝ նա բացառել է կատարվածի քաղաքական ենթատեքստը՝ ընդգծելով, որ Սարգսյանի խոսքերին ի պատասխան քրեական գործերի տեսքով արձագանքը հիմա չէ, որ տրվել է, իսկ բուն Սարգսյանը նույնիսկ չի էլ ընդգրկվել նախընտրական ցուցակում։

Մանրամասները՝ տեսանյութում։