Զախարովա. Փարիզն օգտագործում է Երևանը որպես գ...

Փարիզն օգտագործում է Երևանը որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա բնորոշ է Փարիզի քաղաքականությանը՝ լինել ամենուր և պատասխանատվություն չկրել։ Նրանք ունեին հակամարտությունները լուծելու միլիոն հնարավորություն, դրանցից մեկը նույն Մինսկի պայմանավորվածություններն էին։ Հետո պարզեցինք, որ դա ընդամենը էկրան է։ Իրական դրսևորումները այլ տեղ էին. անվերապահ աջակցություն Կիևի ռեժիմին հակառուսական ուղու վրա, և, փաստորեն, Փարիզը շահագրգռված չէր խաղաղության բոլոր պայմանագրերով, ինչի մասին հայտարարել էր նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանին՝ Զախարովան ընդգծել է, որ կա խաղաղության ծրագիր, իրավիճակի կարգավորման քայլ առ քայլ ճանապարհային քարտեզ, տնտեսական և հումանիտար հնարավորությունների բացում, տրանսպորտային լոգիստիկա կառուցելու համար, և այս ամենը ներառված է ձեռք բերված համապատասխան պայմանավորվածություններում, որոնք ձեռք են բերել Երեւանը, Բաքուն և Մոսկվան։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան հանդես է եկել որպես ազնիվ, բաց միջնորդ՝ երկու կողմերին համարելով մոտ պետություններ և ժողովուրդներ և լինելով շահագրգիռ կողմ՝ ներառյալ այն բոնուսները, որոնք խաղաղությունն ու կայունությունը կբերեն Ռուսաստանին։ Զախարովան կարծում է, որ այս ամենը կատաղի խանդ ու դառնություն է առաջացրել Արևմուտքում, որը Կովկասը համարում էր իր շահերի գոտի և, չկարողանալով հասնել որևէ առաջընթացի խաղաղ կարգավորման ճանապարհին, իրերը նախապատրաստում է հերթական քաոսի։

Նա չի բացառում, որ դա կդիտվի որպես վրեժ Ռուսաստանի գործադրած խաղաղասիրական ջանքերի համար։ Զախարովան նշել է, որ այդ ջանքերը տվել են կոնկրետ արդյունքներ և նախանշել են երկարաժամկետ փակուղուց դուրս գալու ուղի։

«Լուծումները գտնվեցին, մենք պարզապես պետք է իրականացնեինք այն, ինչի շուրջ պայմանավորվել էինք», - ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ այսօր նրանք, ովքեր տարածաշրջանին այնպիսի առաջարկներ են անում, ինչպես Փարիզն է անում, և անում են այնպիսի գործողություններ, ինչպիսին Փարիզն է անում, վատ խորհրդատուներ են, որոնք տանում են դեպի աղետ: Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ Ֆրանսիայի իշխանությունները դրանից հետո որևէ պատասխանատվություն չեն կրի, և կտուժեն խաղաղ մարդիկ: