Զախարովա․ Երեւանը նախընտրեց չիրականացնել այն,...

2022 թվականի սկզբին Երեւանն ուներ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ  նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, որոնք քաղաքական եւ գործնական ճանապարհային քարտեզ էին, թե ինչպես խաղաղ, փոխադարձ հարգանքով եւ հիմնովին կառուցել կյանքը տարածաշրջանում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Այս մասին թելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երեւանը նախընտրեց ոչ թե իրականացնել այն, ինչի տակ ստորագրել էր, այլ երջանկություն փնտրել ՆԱՏՕ-ում/ԵՄ-ում։  Հենց Բրյուսելի եւ գլխավոր խորհրդականի՝ Փարիզի միջնորդությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում ընդունվեց հայտարարություն՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների քառակողմ հանդիպման արդյունքներով, որով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է ճանաչվում։ Ընդ որում, տեքստում ոչ մի խոսք չկա տարածաշրջանի բնակիչների իրավունքների եւ անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։

Դա Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումն էր։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխանություններն այդպես արեցին, ինչո՞ւ Փարիզն ու Բրյուսելը դրան դրդեցին պաշտոնական Երեւանին․ այս հարցերը պետք է ուղղել նրանց»,-գրել է նա։