Այսօր՝ ապրիլի 5-ին, մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունների՝ դատական կարգով բողոքարկման վերջին օրն է, և այս պահի դրությամբ բողոքարկում առկա չէ: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահը կարևորեց ՏԻՄ ընտրություններում ուղիղ ժամանակային ռեժիմում առաջին անգամ կիրառված ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային հեռարձակումը։
Ըստ Վահագն Հովակիմյանի, այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել, որպես «իներցիայով արված» գործողություններ։ Նա թվարկեց դեպքեր, երբ ընտրական գործընթացներում ներգրավված անձինք, ճիշտ է, չեն խախտել Ընտրական օրենսգրքի պահանջները, ընտրատեղամասերից 100 մետր հեռավորության վրա կանգնելով, սակայն տեղամասերից որոշակի հեռավորությամբ կուտակումները ինքնին ահազանգերի առիթ են դարձել։ Հովակիմյանի խոսքով՝ այդ միջադեպերը արժանացել են ընտրատեղամասերի տարածքներում հերթապահություն իրականացնող ԿԸՀ անդամների գնահատականին, և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների վրա ազդեցություն չեն ունեցել։
Նախընտրական քարոզչության ընթացքում դեպք է արձանագրվել, երբ թիվ 34 ԸԸՀ-ն խնդիր է նկատել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառների փակցնելու ընթացքում, ինչի արդյունքում նշված հանձնաժողովը պահանջել է, որ դրանք հեռացվեն՝ չնայած որ դրանք տեղադրված են եղել գովազդային վահանակի վրա։



