ՀՀԿ-ականներն ու նրանց սատելիտները շարունակում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարը։
Ինչպես արդեն ասել էինք ՀՀԿ-ականների համար ծանր է հավանական ընտրություններին մասնակցելու մասին երկրորդ նախագահի հայտարարությունը։ ՀՀԿ-ում լավ են հասկանում, որ ընտրություններն իրենց համար մահ են, քանի որ իշխանությունը Փաշինյանին հանձնելուց հետո երկու անգամ մասնակցել են ընտրություններին և երկու անգամն էլ անցողիկ շեմը չեն հաղթահարել, 2021 թվականին ՀՀԿ-ն ԱԺ է մտել օրենքի ուժով, քանի որ ԸՕ-ով նախատեսված է, որ երեք ուժ պետք է լինի խորհրդարանում։ Եվս մեկ ընտրության մասնակցել՝ նշանակում է վերջնականապես խայտառակվել ու դուրս մնալ քաղաքական դաշտից։
Այս խնդիրն այնքան օրհասական է ՀՀԿ-ի համար, որ քարոզչական գործին խառնվեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ «Ընտրությունների թեման շատ է շահարկվում, ով ուզում է գնալ՝ թող գնա, ով դեռ չի որոշել` ինչպես մենք, կորոշի ինչ անել, բայց այս ընթացքում շատ հիմնավորումներ են հնչում, որոնք քննադատության չեն դիմանում»,-ասել է Աշոտյանը դատարանի դահլիճում։
Հետաքրքիր է, որ ընտրությունների դեմ խոսող ՀՀԿ-ն մասնակցել է Փաշինյանի օրոք երկու համապետական ընտրության։ Ավելին 2018 թվականի ընտրություններին իրենց քարոզչական թեզերով լրացնում էին Փաշինյանի հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու թեզերը, իսկ 2021 թվականի ընտրություններին, Սերժ Սարգսյանի դեմքով, ամեն բան արեցին, որպեսզի ավելացնեն Նիկոլ Փաշինյանի ձայները։ Հետո մի քանի համայնքներում մասնակցել են ՏԻՄ ընտրությունների, իսկ մարտին Գյումրիում կայանալիք ընտրություններին երկու թեկնածու ունեն՝ մեկը Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, իսկ մյուսը ՀՀԿ սատելիտ կուսակցությամբ առաջադրվող Ռուբեն Մխիթարյանը։
Մի բան ակնհայտ է, այս մարդկանց համար խնդիրը ընտրությունը չէ, այլ խնդիրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն է, քանի որ այդ պարագայում իրենք զրո շանս ունեն քաղաքական դաշտում էական տեղ ունենալու։ Իրենք պետք է ամեն բան անեն, որպեսզի մեկուսացնեն երկրորդ նախագահ Քոչարյանին, որ 2018-ից սկսված խաղը, ի վերջո, իր հուն վերադառնա, որը հունից դուրս է եկել նախագահ Քոչարյանի քաղաքական պրոցեսներին մասնակցությամբ։



