
Իրականում տեղի է ունեցել իշխանության կողմից բռնաճնշում՝ իրենց վարքագծի համապատասխան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ իրենց գրասենյակում տեղի ունեցած խուզարկություններին՝ ընտրակաշառքի գործով:
«Երբ իրենք ժամանակին ընդդիմություն էին, ամենասուր քննադատության են ենթարկել նման բաները, և այսօր անել նույնը, համարում եմ լկտիություն։ Ւնչ վերաբերում է կալանավորված անձանց, նրանցից մի քանիսը մեզ հետ բացարձակ կապ չունեն։ Իսկ այն մարդիկ, որոնք մեր գրասենյակի հետ կապ ունեն, բացարձակ կապ չունեն այդ ընտրակաշառքի, ընտրակեղծիքի հետ:
Մարդուն գնելը շատ վատ բան է, դրա համար մենք չենք մտել այդ դաշտ, չենք մտնելու: Փող տաս, որ քեզ ընտրեն, այդ ճղճիմ, զզվելի բաների մեջ մենք գոյություն չունենք։ Մեզ համար մի քանի քվե ավել, պակաս, կապ չունի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հայտնի ձայնագրությունում նշվում է, որ փող է պտտվում, Կարեն ՍԻմոնյանն ասաց. «Պտտվում է, ես ի՞նչ անեմ, է կարող է Պողոսից կպցրել է, այդ փողը եկել է, մենք ի՞նչ կապ ունենք:
Ես ամբողջ քարոզարշավի ընթացքում ես ինձ պահեցի շատ համեստ, հանդարտ, բայց չի կարելի այդ սարքված բաներ տարածել: Դե բերեք վերջին 20 օրվա բոլոր թեկնածուների և գրասենյակների աշխատողների ձայնագրությունները հրապարակենք, այդ ժամանակ կտեսնենք՝ ով ով է: Երբ որ ընտրությունից երկու օր առաջ շտաբի պետի հեռախոսն են վերցնում դա ի՞նչ է նշանակում: Ուժ են տեսել, զգացել են, որ ժողովուրդը միանում է մեզ, փորձեցին դեմն առնել, խափանել մեր երեկվա հավաքը, որչը չստացվեց»,- հայտարարեց ընդդիմադիր թեկնածուն:
Նա հավաստիացրեց, որ երեկվա զարգացումներից հետո իրենց համակիրների թիվն ավելի է շատացել:
«Իրենց նպատակը երեկվա 18:00-ի հանրահավաքը չեղարկելն էր, մեր շտաբի աշխատանքը պարալիզացնելն էր, բայց իրենք իրենց մտքով են չափել, որ մեկ անձի իշխանություն է, որ եթե այդ մեկ անձին փորձենք պարալիզացնել, ամբողջ թիմը պարալիզանալու է: Եվ ոգով բարձր մնացինք, և աշխատանքով և շտաբի աշխատանքը իդեալական գնաց առաջ։ Դրա արտացոլանքը լինելու է մարտի 30-ին»: