Ընդգծվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմ...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ռիյադում՝ ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումի շրջանակներում, հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունը, զրուցակիցները քննարկել են Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում ընթացիկ ծրագրերը և դրանցում ՀՀ ներգրավվածությունը: 

Մտքեր են փոխանակվել մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, ինչպես նաև միջմշակութային երկխոսության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավվածության խթանման հարցերի շուրջ:

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը:

Ընդգծվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ու դրա կարևոր բաղադրիչի՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա ենթակառուցվածքների ապաշրջափակման և տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության խթանման համար: