
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հանձնարարել է պատրաստել օրինագիծ՝ երեխաների և կանանց դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների համար մահապատիժ սահմանելու համար։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ասքատ Ալագոզովը, փոխանցում է Ekonomist.kg-ն։
Պատճառը Իսիկ-Կուլի շրջանում անչափահաս աղջկա սպանությունն է եղել։
«Այսուլուի առանձնապես դաժան սպանության գործը գտնվում է նախագահ Սադիր Ժապարովի անձնական հսկողության ներքո», - ընդգծել է Ալագոզովը։
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը հանձնարարել է նախագահի աշխատակազմի իրավաբանական աջակցության վարչության պետ Մուրատ Ուկուշևին մշակել օրենսդրական փոփոխություններ, որոնք ավելի խիստ պատիժներ են նախատեսում։ Սա ներառում է մահապատժի ներդրում երեխաների բռնաբարության և կանանց բռնաբարության ու սպանության համար։
Սադիր Ժապարովը նշել է, որ նման հանցագործությունները չպետք է անպատիժ մնան։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Կարակոլի 2008 թվականին ծնված բնակչուհին անհետ կորել է սեպտեմբերի 27-ին: Նրա մարմինը հայտնաբերվել է Ժել-Արիկ գյուղի մոտակայքում: Նրան բռնաբարել և խեղդամահ են արել: Կասկածյալը՝ նախկինում դատապարտված 1984 թվականին ծնված տղամարդ է, որը ձերբակալվել է Բիշքեկում: