Ղարաբաղը միշտ էլ պատկանել ու պատկանում է Հայա...

Իրանը ցանկանում է, որ երկխոսության շրջանակներում լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները: ParsToday-ի փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության հարցով Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին.

«Ներկայումս Ղարաբաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է։ Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թույլ չի տալիս գրավել, որտեղ որ ցանկանում է։

Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծությամբ և հարձակմամբ, և դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար, Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին»։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ այսօր Ադբեջանը Ղարաբաղը շրջափակել է չորս կողմից.

«Այն տարածքները, որոնք նախկինում գրավված էին Հայաստանի կողմից, և որոնց մեծ մասը պատկանում էր Ադրբեջանի Հանրապետությանը, Բաքուն հետ վերցրեց նախքան վերջին հակամարտությունները, բայց, անշուշտ, եթե Ադրբեջանի Հանրապետությունը փորձի հետևել նույն ընթացակարգին, ապա պետք է երկար տարիներ ներգրավված մնալ Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից պարտադրվող անցանկալի պատերազմներում»։

Նրա խոսքով՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար։

«Հայաստանի կառավարությունը ստիպված է եղել Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը ռազմական առումով գերազանցում է։ Իհարկե, պետք է ասել,որ Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի, Սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի հետ»,- ասել է Հեյդարին։ 

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը հավելել է.

«Վերջին 30 տարիներին,  քանի որ  Ադրբեջանը, Հայաստանի դեմ պատերազմելու ուժ չուներ, մեծ արտոնություն է տվել Սիոնիստական ռեժիմին, ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային, որպեսզի նրանց միջոցով հետ ստանա Ղարաբաղը»։