Ղարաբաղում ռուս խաղաղապահները կապ են հաստատել...

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահներն ուղիղ կապ են հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբերի հետ՝ միջադեպերի կանխման եւ խաղաղապահների անվտանգության ապահովման համար: Այս մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խաղաղապահ խնդիրների լուծման, հնարավոր միջադեպերի կանխման եւ ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի հետ: Հաստատվել է ուղիղ կապ»,-ասել է Ռուդսկոյը ճեպազրույցի ժամանակ:

«Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համատեղ կազմակերպվել է խաղաղապահ օպերացիաների պարամետրերի հստակեցման հարցով աշխատանք»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ ԳՇ-ում «մարտական կառավարման խումբ է տեղակայվել, որը մոնիթորինգ է իրականացնում շուրջօրյա ռեժիմով»:

«ԳՇ-ի կողմից ծրագրվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմը հասկանում է իր առջեւ դրված խնդիրների ողջ պատասխանատվությունն ու պատրաստ է դրանք կատարել ձեռքբերված համաձայնություններին համապատասխան»,-ասել է Ռուդսկոյը: