Ղարաբաղում ականի վրա պայթել է ռուս զինվորական...

Ռուս զինծառայողներին տեղափոխող բեռնատարը Ղարաբաղում պայթել է հակատանկային ականի վրա, հայտնում է Avia.pro կայքը։

Պայթյունի արդյունքում ամենաքիչը երկու ռուս զինծառայողներ ստացել են ծանր վիրավորումներ, ընդ որում, ըստ որոշ ինֆորմացիայի, խոսքը գնում է հենց ռուս խաղաղապահների վրա հարձակման մասին: Ականը դրված է եղել այն շրջանում, ուր արդեն իրականացվել են ականազերծման աշխատանքներ:

Ըստ կայքի տեղեկությունների՝ սա վերջին շաբաթվա ընթացքում ամենաքիչը երկրորդ հարձակումն է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությամբ գտնվող ռուս զինծառայողների վրա: Ավելի վաղ ռուս զինծառայողների բլոկպոստի ուղղությամբ ինքնաձիգներից կրակ է բացվել, սակայն տուժողներ չեն եղել:

Տուժած ռուս զինծառայողների ներկայիս վիճակը մինչ այժմ մնում է առանց պաշտոնական մեկնաբանությունների։ Դեպքի մասին հաղորդած աղբյուրները տեղեկություն չունեն, թե քանի զինծառայող է եղել ռազմական բեռնատարում: