Ես քրեական գործերի մեջ այդքան չեմ կարող խորանալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՆԻՖ-ում միլիարդավոր դրամների հասնող չարաշահումների և փոշիացումների մասին հրապարակումները փաստացի 2021-ից էին սկսվել, ինչու ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքների հրապարակումը տեղի ունեցավ միայն 2023 թվականի վերջին։
«Դուք նշել եք, որ ՊՎԾ-ն ուսումնասիրել է ԱՆԻՖ-ը, ձեր հանձնարարությամբ, այդ դեպքում ինչու մինչև այժմ չկա որևէ մեղադրյալ, ինչու է քննությունը շարունակում ընդամենը մեկ քննիչի ներգրավվածությամբ, ինչպիսի՞ն է ձեր գնահատականը ԱՆԻՖ-ում հնարավոր չարաշահումների բացահայտման ընթացքին»,- հարց ուղղեց լրագրողը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ո՞նց եմ գնահատում, գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ: Ու՞մ է պետք՝ պետք է դատել, թե պետք չի դատել, ես կարող եմ կարծիք ունենալ, բայց իմ կարծիքը դե յուրե այս դեպքում իրավական ուժ չի կարող ունենալ և պետք է ձեր ասած ընթացակարգերով գնա։ Ես դա համարում եմ նաև վստահության անթույլատրելի չարաշահում, խայտառակություն, ինչ բառ ուզում եք ասեք, ես համաձայն կլինեմ այդ բառերի հետ»:
Ճշտող հարցին՝ քաղաքական հետևանքներ պե՞տք է ունենա դա, վարչապետը պատասխանեց. «Նախ պիտի պարզենք, թե ինչ է եղել, դրա հաշվապահություն էլ պիտի պարզվի: Մեր իրականության մեջ դա էլ ընկալված չի, այս դեպքի համար չեմ ասում, այլ ընդհանրապես բոլոր դեպքերի համար, որ ցանկացած բիզնես գործունեություն ինքը ռիսկի էլեմենտ ունի։
Բայց մյուս կողմից կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականություն են հանդիսանում։ Ուրիշ խնդիր է, թե այդ ընկերությունների վիճակը ո՞նց է, այդ ընկերությունները ինչքանով են ճիշտ ու արդյունավետ կառավարվել։ Սա շատ ավելի խորը վերլուծության անհրաժեշտություն ունի և իրավապահները պետք է դրանով զբաղվեն:
Եթե քաղաքական գնահատականի մասին է, ես ասում եմ եմ այդ գնահատականը. Դա ձախողում է և խայտառակություն։ Բայց, այստեղ մի նյուանս էլ կա. այնպես չի, որ կոնսենսուս կա, որովհետև կան ձայներ, որոնք ասում են, որ իրադրության գնահատականը ճիշտ չէ։ Այդտեղ կան բաժնեմասեր, դրանց գնահատականը պետք է տալ, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք այսօր էլ գործում են և այլն և այդպես շարունակ»: