Երևանում կայանալիք Սամբոյի՝ դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, FIAS-ի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Կորսիկը, FIAS-ի նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանը և Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին և հաջողություն մաղթել հոկտեմբերի 14-ին մեկնարկող առաջնությունում.
«Սամբոն կարևոր և ավանդույթներ ունեցող մարզաձև է, և պատահական չէ, որ ՀՀ կառավարությունը հանձն առավ աջակցել աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմանը Երևանում: Վստահ եմ՝ առաջնությունը կանցնի ամենաբարձր մակարդակով և բոլորիս մոտ միայն դրական տպավորություններ կառաջացնի: Մաղթում եմ, որ հաղթեն ուժեղագույնները: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սպորտին՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մասսայական: Մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ ևս մեծ աշխատանքներ են տարվում անձամբ ՀՀ վարչապետի հանձնարարականով»:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ բարձր գնահատելով Հայաստանում մարզաձևի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը.
«Սամբոն, իսկապես, մեծ ավանդույթներ ունեցող մարզաձև է և ստեղծվել է նախկին ԽՍՀՄ երկրների ազգային մարտարվեստների տարրերի միաձուլումից՝ պարունակելով մի շարք մարզաձևերի, այդ թվում՝ հայկական կոխ ըմբշամարտի հնարքներ: Այնպես որ, ԽՍՀՄ նախկին որոշ պետություններ սամբոն կարող են իրենց ազգային մարզաձևը համարել: Գիտեմ, որ Հայաստանում սամբոյի բավականին զարգացած դպրոց և լավ ավանդույթներ ունեք, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ: Տեսնում եմ, որ մարզաձևի ավանդույթներն այստեղ ոչ միայն պահպանվում, այլև բարելավվում և նոր զարգացում են ապրում»:
Վասիլի Շեստակովը, շնորհակալություն հայտնելով մարզաձևի նկատմամբ պետության պատշաճ ուշադրության համար, միջազգային ֆեդերացիայի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում սամբոյի զարգացմանը: Նա նաև տեղեկացրել է, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան Երևանում կայանալիք դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման համար գորգեր է տրամադրել.
«Պատրաստ ենք ցանկացած օգնություն տրամադրել՝ մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար: Մենք նաև առանձին ծրագրեր ենք իրականացնում՝ «Սամբոն դպրոցում» և «Սամբոն համալսարանում» խորագրերով: Ցանկության դեպքում՝ այս առումով ևս կարող ենք համագործակցել»:
Հայաստանի հավաքականները ներկայանալի կազմով են մասնակցելու դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել՝ հայ մարզիկները կարդարացնեն սպասելիքներն ու լավ ելույթներ կունենան հարազատ հարկի ներքո՝ մրցանակային տեղեր զբաղեցնելով և մեդալներ նվաճելով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև բարձր է գնահատել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ծավալած գործունեությունն ու ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի ջանքերը մարզաձևի զարգացման գործում: Ի դեպ, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահի առաջարկով էլ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, առաջնության շրջանակում կանցկացվի սպորտ+բիզնես ֆորումը, որի շրջանակում կքննարկվեն սպորտային մարքեթինգին վերաբերող հարցեր:
Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնությանը շուրջ 500 մարզիկ-մարզուհի կմասնակցի աշխարհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:
Չեզոք մարզիկների դրոշի /FIAS/ ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները:
Առաջնության շրջանակում կխաղարկվի 55 հավաքածու մեդալ: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:
Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի ժամը 17:00-ին: