Վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզո...

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ եթե հանրությունը ցանկանում է երթևեկել  «MAN» ավտոբուսներով կամ էլեկտրոավտոբուսներով, ապա պետք է վճարի դրա համար, հակառակ պարագայում արդեն 3-4 տարի հետո կարող է ունենալ նախկին հին ու ջարդված «Գազել»-ները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը նման կարծիք է հայտնել փետրվարի 6-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, որ հասարակության մի զգալի հատված չի ցանկանում հանրային տրանսպորտի համար վճարել 150 դրամ։ 

Նախարարի խոսքով՝ կարելի է 100 դրամով տրանսպորտ ունենալ «MAN» ավտոբուսներով, բայց չորս տարի հետո դրանից ոչինչ չի մնա։ 

«Հիմա, եթե մենք ուզում ենք միշտ ունենալ «MAN» մեքենաներ կամ էլեկտրոավտոբուսներ, պետք է վճարենք դրա համար, որովհետև դա այլ գին ունի։ «06»-ը և «Մերսեդես»-ը տարբեր հարմարավետություն ունեն և տարբեր ծախսեր են պահանջում։ Հիմա մենք մեր քաղաքացիներին «Մերսեդես»-ն ենք տվել»,-ընդգծել է Էկոնոմիկայի նախարարը։ 

Նրա դիտարկմամբ՝ եթե ասվում է, որ հանրային տրանսպորտը պետք է մնա 100 դրամ, ապա 3-4 տարի հետո հասարակությունը կունենա ջարդված «Գազել»-ներ։

«Դա հնարավոր է, բայց ես վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդված «Գազել»-ներ»,-նշել է Պապոյանը։

Նախարարը նաև հավաստիացրել է, որ իր ընտանիքի բոլոր անդամները և նաև ինքն անձամբ օգտվում են հանրային տրանսպորտից։ 

Երևանում փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որով քաղաքացիներին առաջարկվում են տարբեր տոմսային փաթեթներ։ Բացի այդ, Երևանի ավագանին ներդրել է 1 ուղևորության տոմս, որի արժեքը 150 դրամ է։