Վրաստանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համագործակցության մեծ ներուժ ունեն, և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվիրակության այցը ևս մեկ առաջընթաց կդառնա այս ուղղությամբ:Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Շանհայի խորհրդի փոխնախագահ Չեն Ցզինին:
Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Չինաստանում, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում։ Այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են կայացել Պեկինում։ Իսկ հունվարի 18-ին պատվիրակության անդամները հանդիպել են Շանհայի խորհրդի փոխնախագահ Չեն Ցզինի հետ, որից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ «Վրացական երազանքի» պատվիրակության։
«Մենք գոհ ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայից։ Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, և այս այցը ևս մեկ առաջընթաց քայլ կդառնա համագործակցության հետագա ընդլայնման համար»,- ասել է Չեն Ցզինը։
«Վրացական երազանքի» պատգամավորների այցը Չինաստան կտևի հունվարի 15-ից մինչև 20-ը։
Վրացական պատվիրակության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային կապերի վարչության նախագահ Լյու Ցզին Չաոյի և նրա տեղակալ Սուն Հայյանի, ինչպես նաև Պետխորհրդի զարգացման հետազոտությունների կենտրոնի ղեկավարության հետ։