Վրաստանի խորհրդարանի նախագահը ԵՄ-ին մեղադրել...

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Բրյուսելին մեղադրել է երկրում անկարգություններ կազմակերպող «ահաբեկիչներին» աջակցելու համար։ Այս մասին նա գրել է Facebook-ում։

«Այն, որ Բրյուսելի ընտրած հակավրացական ուղին հանգեցրել է ահաբեկիչների աջակցությանը, վաղուց էր ակնհայտ։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ իրողությանը», - գրել է Պապուաշվիլին Facebook-ում։

Պապուաշվիլին հրապարակել է տեսանյութ, որտեղ անցյալ տարվա վերջին բողոքի ցույցի մասնակիցներից մեկը՝ պատիժ կրող  Զվիադ Ցեցխլաձեն, պատմում է, թե ինչպես պետք է դիմակայել Թբիլիսիի անվտանգության ուժերին։ Տեսանյութում, որը տեսագրվել է 2024 թ. նոյեմբերի 30-ին, երբ Թբիլիսիում տեղի էին ունենում լայնածավալ բողոքի ցույցեր, Ցեցխլաձեն օրինակ է բերում ուկրաինական մայդանը և նկարագրում, թե ինչ միջոցներով է անհրաժեշտ գրոհել ուժայինների վրա խորհրդարանի շենքի մոտ։

«Երեկ մենք իմացանք, որ կառավարության տապալման փորձից (խմբ.՝ 2025 թ. հոկտեմբերի 4) մի քանի օր առաջ ԵՄ դեսպանն աջակցության նամակ է ուղարկել բանտ՝ Զվիադ Ցեցխլաձեին՝ անցյալ տարվա ընտրություններից հետո բռնության կազմակերպիչներից մեկին», - գրել է Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանի նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ գրել էր այն մասին, որ դիվանագետները պետք է կառուցեն կամուրջներ, այլ ոչ թե պատեր երկրների միջև։

«Պարզվում է, որոշ մարդիկ կարող են անել թե՛ մեկը, թե՛ մյուսը. նրանք վրաց ժողովրդի համար պատ են կառուցում, իսկ ահաբեկիչների և բռնության մասնակիցների համար՝ կամուրջ», - նշել է Պապուաշվիլին։

2024 թ. նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում տեղի ունեցան լայնածավալ բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ երկիրը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունների մեկնարկի գործընթացը։ Բողոքի ցույցերն ուղեկցվում էին անվտանգության ուժերի հետ ամենօրյա բախումներով։ Իրավապահները կիրառում էին հատուկ միջոցներ ցուցարարներին ցրելու համար։ Անկարգությունների շատ մասնակիցների ձերբակալել են։ 2025 թ. հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ընդդիմությունը կազմակերպեց բողոքի ցույց։ Ցուցարարները փորձեցին գրոհել նախագահական պալատը, սակայն հատուկ նշանակության ուժերը թույլ չտվեցին նրանց շենք մտնել: