Վրաստանի հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկություններին այն մասին, թե «Ադրբեջանից դեպի Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարման խափանումների պատճառը սակագնային արգելքներն են», հայտնում է 1tv.ge-ն։
«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացավ հարցում՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման կազմակերպման վերաբերյալ՝ Վրաստանի տարածքով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրաստանի երկաթուղուն» անմիջապես հանձնարարվել է նշված բեռի մեկանգամյա երկաթուղային փոխադրումն իրականացնել ամբողջովին անվճար։ Այս որոշման մասին պաշտոնական կողմերը տեղեկացվել են։
Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, վստահելի գործընկեր երկիր։ Մենք միշտ եղել ենք և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության աջակից»,- նշել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում։



