Այո, ես համարում եմ, որ բարենպաստ պայմաններ են նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնելով, որ նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 25 քաղաքական ուժ, նա ասաց. «Հիմա հնարավորություն կա, որ մասնակցեն 8-10–ը, ոչ ավել։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, մենք վերջնական որոշում դեռ չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Անցած անգամ հայտարարել ենք, որ փետրվարին ենք որոշումը կայացնելու, դեռ ժամանակ ունենք։
Նախկինում իմ ասածը ավելի շատ վերաբերել է այն կուսակցություններին, որոնք կարող են շեմը հաղթահարելու խնդիր ունենալ, և նախորդ ընտրությունների ժամանակ ձայների փոշիացման պատկերը չունենալու համար բարենպաստ պայմաններ են խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Ես կցանկանայի, որ 3-4 այդպիսի բլոկ ունենանք։ Ունեմ ինֆորմացիա, որ բանակցում են, բայց իմ տպավորությունը այնպիսին է, որ պատկերը ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար այս ընտրություններում։ Ոչ թե 25 միավոր, որից 20–21–ը՝ ընդդիմադիր դաշտից»,–ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով որոշելու են, թե ով է առաջնորդը լինելու. «Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթե հայտնվել է մեր դաշինքում մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովելու, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն»։



