Ով է առաջին դավաճանը

Լևոն Տեր-Պետրոսյանը, որն   հայ քաղաքական դաշտում  հայտնվեց  1988-ի՝ «Միացում» և  «Ленин, партия , Горбачев,Сталин , Берия , Лигачев» կարգախոսների ներքո, դարձավ հայ քաղաքական  այն գործիչներից  հերթականը, որն հեշտությամբ նահանջեց իր  քաղաքական    հրապարակային դիրքորոշումից`Արցախի և Հայաստանի վերամիավորման  գաղափարից:

Այն, ինչ  այսօր տեղի է ունենում Հայաստանի և Արցախի հետ, դա Լևոն Տեր-Պետրոսյանի  քաղաքական   ռեժիսուրան է, կասեի՝ բաղձանքը:

Անպատկերացնելի է, թե ինչպես կարող էր իրեն հմուտ քաղաքական գործիչ և, իր շրջապատում,   քաղաքական կորիֆեյ համարվող  անձը,  1994  թվականին՝ Հայաստանի և Ադրբեջանի՝ հակամարտող կողմերի միջև ստորագրված հրադադարը, չվերածել ազգային քաղաքական  շահեկանության՝  պրոֆիտի և  կյանքի չկոչեր  Հայասատանի և Արցախի  ազգային իղձը: Փոխարենը ՀՀ  առաջին նախագահը,  զինադադարից անմիջապես հետո,  սկսեց հետևողականորեն   առաջ մղել՝ Ադրբեջանին՝ Արցախի շուրջ ազատագրված տարածքների  հանձնման թեզը: Ընդ որում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դա անում էր սեփական ժողովրդին ահաբեկելու, շանտաժի ենթարկելու  միջոցով:  

  Լևոն Տեր-Պետրոսյանն հռչակվել էր փայլուն դիվանագետ,խորաթափանց բանակցող,ազգային շահին հետևող քաղաքական գործիչ: Սակայն, համադրելով  իրականությունը, փաստերն ու դեպքերը, պարզ է  դառնում, որ, ինչպես Տեր-Պետրոսյանի    ներքին քաղաքականությունը,  որն  իր քաղաքական հակառակորդները   որակել էին  «թայֆայականություն»,այնպես էլ արտաքին քաղաքականությունը,հեռու էր հայամետությունից:

    ՀՀ Ազգային Ժողովի երբեմնի  նախագահ, երբեմնի  ՕԵԿ-ի երբեմնի  նախագահ  Արթուր Բաղդասարյանը  1996  թվականին հեղինակել էր  Լևոն Տեր-Պետրոսյանին նվիրված գրքույկ:    Ուշագրավ փաստահավաք աշխատանքի արդյուքնում, ներկայացվել էին   Տեր-Պետրոսյանի  անձին ու գործունեությանը վերաբերող   կարծիքներ:

Այսօր, երբ Արցախի հիմնախնդրի լուծումը կամ  փաստացի չլուծումը  կարիք ունի  խորքային ուսումնասիրության,երբ քաղաքական տարբեր թիմեր և ՀՀ   տարբեր ժամանակների նախագահները  փորձում են   բացահայտել իրենց  ստացած և թողած  բանակցային ժառանգությունը, առավել կարևոր է   Արցախի հիմնախնդիրի  գենեզիսի, դրա լուծման քայլերի և քաղաքական նախաձեռնությունների մասին տեղեկատվության ուսումնասիրությունը: Կարևոր է   բացահայտել  Լևոն Տեր-Պետրոսյանի   իրական   քաղաքական ցանկությունները, որոնք կյանքի կոչեց նրա  քաղաքական «ձագը»՝ Նիկոլ Փաշինյանը:

Հայ  տրոյական ձի՞ն

1988 թվականին՝ Երևանի  թատերական հրապարակում,Արցախը մայր-հայրենիքին վերամիավորելոււ   պահանջով, «Միացում» քաղաքական նշանաբանը  տիրաժավորող  մի խումբ անձանցից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, 1990   թվականին  դարձավ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ, հետո՝Հայաստանի  նախագահ: Չմանրամասնելով նրա  քաղաքական  թռիչքը, նշենք, որ  շատ արագ վերածվեց կուռքի:Սակայն,կարճ ժամանակ անց էլ, հանրության զգալի հատվածի սերը  առ ՀՀ  նորընտիր առաջնորդը վերածվեց անթաքույց  ատելության: Քաղաքական  այս  կենսագրությունը  կրկնեց     Լևոն Տեր- Պետրոսյանի   քաղաքական «ենթավարպետ» Նիկոլ Փաշինյանը:   

  Լևոն Տեր-Պետրոսյանի ֆետիշացումն իր շրջապատում  աննվազ էր: Մասնավորապես, ՀՀ Գերագույն  խորրհրդի  նախագահի  տեղակալ, նախկին կոմունիստ   Գագիկ Հարությունյանը    գրել էր, որ «ԼՏՊ-ն դասական ազգային մտավորական է: Մեծ բարեբախտություն է, որ հենց այդպիսին է ՀՀ  նախագահը(«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 05.01.1995:)

Իսկ ՀՀ  նախկին վարչապետ   Հրանտ Բագրատյանը 1996 թվականին   գտնում էր, որ  Լևոն- Տեր-Պետրոսյանը  հայ պետականության  պատմության կարևորագույն դեմքերից է,ժամանակակից աշխարհի  լուրջ քաղաքական գործիչներից»:Սակայն,  իրականությունն այն էր, որ  Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ախոյանները՝ արցախյան հաղթական պատերազմից հետո, նրան  սկսեցին մեղադրել  Արցախից հրաժարվելու, այն ծախելու մեջ: Պարզ  էր  դարձել, որ  Լևոն Տեր-Պետրոքսյանի  բացահայտ թրքասիրությունը,  մեր դարավոր  թշնամու հետ   քիրվայություն անելու  մեծագույն ցանկությունը, խաղաղության  և հաշտվելու  ծրագիրը  ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի  քաղաքական  հակառակորդների  հորինած եւ,  դեռևս 1996 թվանականի ընտրություններում, ՀՀ առաջին  նախագահի  դեմ  կիրառվող  գաղափարական  սադրանք էր, այլ  Լևոն Տեր- Պետրոսյանի  քաղաքական  հայեցակարգն էր:

Մի  կողմ թողնենք այն իրողությունը, որ   արցախյան  առաջին պատերազմից երեք տարի անց, նրան ճիշտ ժամանակին պարտադրեցին հեռանալ իշխանությունից՝ ապացուցելով նրա՝ Արցախը  հանձնելու՝տարիների  ընթացքում խմորվող   դավաճանական  ծրագրի գոյությունը:Պարզ դարձավ, որ,փաստորեն,  դեռ հրադադարի համաձայնագրի վրա   թանաքը չցորացած, ՀՀ  առաջին, իրեն հաղթող համարող նախագահը   մտահղացել է ազատագրված տարածքները թուրքերին նվիրել:Մասնավորապես, ուշագրավ է  հայտնի  քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի՝ տարիներ  առաջ հնչեցրած  բնութագրումը  ՀՀ  նապագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  մասին: «Մենք ծանոթացանք Փարիզում, երբ կալանքից  հետո նա եկել էր  բուժվելու: Ինձ համար զարմանալի էր, որ բանտում գտնվողին  ազատ են արձակում և ուղարկում  արտասահման՝ բուժվելու, առանց  գործը կարճելու: ...Չէի մոռացել, բանտից դուրս գալուց հետո, Լ.Տեր-Պետրոսյանը   Մատենադարանի մոտ հայտարարեց, որ մինչև կյանքի վերջ ինքը պատրաստ է պայքարելու «պերեստրոյկայի» համար: «Պերեստրոյկայի» հետ ոչ Ղարաբաղը կապ ուներ, ոչ մենք. դա Գորբաչովի  կարգախոսն էր»: Այնուհետ, Պարույր  Հայրիկյանը լրջագույն մեղադրանք է ներկայացնում  Լևոն Տեր –Պետրոսյանին՝ նրա արտաքին քաղաքականությունը համարելով զրո, իսկ  Արցախի հիմնահարցի լուծման ձգձգումը՝ ժամանակի վրա  խաղալու  վտանգավոր միտում: «Լևոն Տեր-Պետրոսյանը արտաքին քաղաքականություն չի ունեցել ընդհանրապես:Այսօր Արցախի հարցը դիվանագիտական անբավարար վիճակի մեջ է: Մենք պարզապես ժամանակ ենք շահում, դա էլ վատ չէ:Ժամանակ շահելն, ի վերջո,  լրացուցիչ  կյանք է, խաղաղություն, հանդարտություն: Բայց պետք է նայել հեռանկարի  տեսանկյունից, եթե մենք ունենայինք  արտաքին  քաղաքականության ստրատեգիա, ապա Արցախը կլիներ այդ ստրատեգիայի բաղկացուցիչ մասը»,- ասել էր  Հայրիկյանը դեռևս 1996  թվականին:. («Լևոն Տեր- Պետրոսյան.դիմանկարի փորձ»,  107, 111 էջեր):

 Այս ամենը  փաստում է, որ  Լևոն Տեր-Պետրոսյանն է ազգային  շահերի առաջին դավաճանը, որի  համար  Արցախ անունը շահարկելը դարձավ քաղաքական կենսագրության սկիզբ, թռիչքահարթակ՝ իշխանությունը  վերցնելու  համար: Այդ նրա համար է  Արցախը բեռ համարվել եւ  այդ   կանխադրույթը նա է  դրել շրջանառության  մեջ, հասունացրել  եւ   մատուցել  իր քաղաքական  հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին:Հիշենք Փաշինյանի վերբալ  մանիպուլյացիաները Արցախի  հարցում՝ <<բանակցելու եմ իմ կետից, չեմ բանակցելու, որովհետև Արցախի բնակչությունը  ինձ չի ընտրել, ինչ պետք է, այն էլ բանակցում ենք, ինչքան կարելի էր  «կռուտիտ» լինել արտահայտություններով:  

   ՀՀՇ նախկին առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների՝ Արցախը դավաճանելու  և հաղթանակն ուրանալու  տարածվող  կեղծ  մտքերը ընդամենը   տկար  փորձեր են՝ պեղել-գտնելու  այսօրվա ողբերգական  իրավիճակի՝  նախկինից եկող  պատասխանատուներին: 

Առավել հետաքրքրական է  «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի՝ դեռևս 1996   թվականին, արտահայտած   քաղաքական գուշակությունը.«...Ես ինքս շատ անգամ քննադատել եմ  նրա (իմա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի) ընտրած քաղաքական ուղեգիծը և, ավելինպետական համակարգից  իմ հեռանալու կոնկրետ  առիթը հենց կապված էր արցախյան խնդրում  վարվող քաղաքականության իմ կողմից չնդունելու հետ:Այսինքն, ես համաձայն չէի ընտրված տարբերակին:Այսօր էլ համարում եմ, որ քաղաքականությունը  ոչ ճիշտ է ընտրված.այն տանում է դեպի փակուղի, և մենք բավականին սրընթաց մոտենում ենք արդեն  այդ փակուղուն  և կարող ենք կանգնել  աղետի առջև:Ես մի քանի անգամ  ասել եմ, որ այդ ճանապարհին կլինեն  շատ էական աղետալի ցնցումներ»( «Լևոն Տեր- Պետրոսյան.դիմանկարի փորձ», էջ 114):

  Փաստորեն,  Լևոն Տեր-Պետորսյանի քաղաքական ընդդիմախոսները արդեն իսկ 1996-ին և դրանից առաջ,տեսնում էին, վերլուծում այն ուղերձները, որոնք առանց  կաշկանդվածության,   առանց   անձկության արտահայտում էր  ՀՀ առաջին և իրեն հաղթող համարող նախագահը:  

Չի եղել  նման  քաղաքական առաջնորդ, ով իր հաղթանակից անմիջապես հետո,  ինքնակամ գնա  հանձնվելու  կամ՝ արտահայտի  կապիտուլյացիայի «թեթև» տեսակի    ստորագրման ցանկություն:   

Փոխանակ  Լևոն Տեր-Պետրոսյանը,  քաղաքական  ջանադրության արդյունքում, դիվանագիտորեն ամրագրեր  հայ ազգի հաղթանակը, առաջ էր քաշում  տարածքները  վերադարձնելու և Թուքրիայի հետ հաշտ ապրելու  գաղափարը:Իր այդ  քաղաքական երազանքը,   երեսուն տարիա անց,   իրականացրեց հենց իր  քաղաքական  զավակը, ոչ թե  նրանք, ում  ՀՀ առաջին նախագահը 2007 թվականին հեռուստաէկրանից   ուղերձ   հղելով, ասում էր՝  «տղա եք, պահեք հողերը»: Փաստորեն, նրանք, ում ուղղված էր  ՀՀ առաջին նախագահի  ելույթը,  ապացուցեցին, որ «հող պահող  տղա են»:Մինդեռ  Լևոն Տեր-Պետրոսյանի  քաղաքական ձագուկը  հոդված առ հոդված կյանքի  կոչեց ՀՀՇ-ական կառավարության՝ թուրքերի հետ  հաշտ ապրելու և  «գրավված» հողերը ադրբեջանցիներին բոնուսով    վերադարձնելու  քաղաքական իղձը:

   Լևոն Տեր- Պետրոսյանի   ընդդիմախոսները  ճի՞շտ էին

 Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ  էին Լևոն Տեր-Պետրոսյանի  քաղաքական  ընդդիմախոսները  ռադիկալ մերժում են նրա  հետագա կառավարումը,ո՞ր մտքերն էին  համարվում ազգակործան և  դավաճանական:    

«Որևէ ապահովական համակարգ, որևէ գերտերություն չի կարող ապահովել մեր ազգային անվտանգությունը:Դրա բանալին  մեր հարևանների հետ մեր բարեկամությունն է» («Լևոն Տեր- Պետրոսյան.դիմանկարի փորձ» էջ171): Այս մտքի հեղինակը, այո, չզարմանք Լևոն Տեր- Պետրոսյանն է: Համեմատեք ու համադրեք  Նիկոլ Փաշինյանի մտքի արգասիքները՝ կապված   խաղաղության դարաշրջանի և   ժամկետային զինծառայության ժամկետը Հայաստանում    5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայությամբ  փոխարինելու հետ:

Լևոն Տեր-Պետրոսյանն, փաստորեն, ասում էր, որ   մեր   ազգային անվտանգությունը ոչ թե մեր  գերժամանակակից  բանակի,պետության առաջընթացի,  այլ՝ մեր  հարևանների հետ  բարեկամությամբ է պայմանավորվում: Այսպիսինն էր  ռազմաքաղաքական մտքի գիգանտ   նախագահի   պատկերացումը, քաղաքական հոտառության և տարածաշրջանային  մթնոլորտը կանխատեսելու գովաբանված  ունակությունը:Սա ասում էր  հայոց պատմության գիտակ  պատմաբան Նախագահը, ով պետք է որ  իմանար՝ հաղթանակները    ամրապնդվում են  հզոր ռազմական  նվաճումներով,կնքված փաստաթղթերով, ինչպես  դա այժմ անում է Ալիևը:  

Լևոն Տեր-Պետրոսյանի  հայամերժ  խոհերը փոխզիջումների, ինչպես նաև  հայոց խորհրդարանի՝Արցախը չճանաչելու վերաբերյալ որոշումը, խոհեմություն է որակվում: Ինչու չէր կարելի  ճանաչել Արցախը, երբ կային ռազմաքաղաքական հաջողություններ:Այդպիսով   խնդիրը լուծված կլիներ՝ վերջնական և  պատմականորեն արդար:Արցախը ոչ  ճանաչվեց անկախ պետություն, ոչ էլ  միացավ մայր–հայրենիքին: Ինչո՞ւ   Լևոն Տեր-Պետրոսյանը  չէր մտածում քաղաքական և ռազմական  հաղթանակներին  նոր  թափ հաղորդել, պատմական արդարության տեսանկյունից, աշխարհին ի ցույց դնել  իր կողմից  մերժելի համայնավարերի՝ ազգերին բախտ  և տարածքներ բաժանելու   պատմական էգոիզմի  դրսեւորման փաստերը:  Նա համարում էր. «Իդեալական ձևը (տարբերակը ) Լեռնային Ղարաբաղի ժողովրդի  ինքնորոշման իրավունք ձեռք բերելն է: Սակայն ես գիտակցում եմ,-նշում էր  Հայաստանի ղեկավարը,որ իդեալական տարբերակներին  հնարավորն չէ միշտ հասնել: Այդ պատճառով  մենք փնտրում ենք  ընդունելի տարբերակ՝վերջ տալու պատերազմին և առաջարկում ենք  այդ նպատակին հասնել երեք փուլից: Առաջինը՝ զինադադարի հաստատում»:

Թերևս, հենց այս  մոտեցման  պատճառով ԼՏՊ-ի ընդդիմադիրները  նրա արտաքին քաղաքական  կուրսը համարում էին  գոյություն չունեցող: Ինչ էր նշանակակում «իդեալական տարբերակներին  հնարավոր չէ միշտ  հասնել»: Ազգերի ինքնորոշման  իրավունքն հենց այդ հնարավորությունն էր տալիս Արցախին: Ստացվում է՝ Արցախի  խնդրի լուծման մերժումը հենց հայկական մոտեցում է: Չե՞ք  տեսնում   Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և վերևում արտահայտած մտքի միջև նույնացումը:

Բայց շարունակենք   դիտարկել  Լևոն Տեր- Պետրոսյանի մտքերը:«Երկրորդը,- նշում է ՀՀ առաջին նախագահը-, Ղարաբաղի իրավական կարգավիճակի հաստատումն է՝ամրագրված միջազգային նորմերով, որպեսզի  Ադրբեջանին թույլ չտրվի խախտել որոշումը կամ հակադրվել»: Հարց է առաջանում. ո՞վ  և ինչպե՞ս էր կանխելու  Ադրբեջանի կողմից որոշման  խախտումները: Չէ որ,  հրադադարից հետո անգամ, այդ  նույն թշնամին շարունակում էր  կրակել  մեր դիրքերի և  պետական սահմանի ուղղությամբ: Հասունանում է մեկ այլ հարց ևս. իսկ 1988 թվականին «միացում» վանկարկելիս  հենց այ՞ս  քաղաքական  նպատակին էիք ձգտում:Հիշեցնենք նաև, որ  1989 թվականի դեկտեմբերի  1-ին  Հայաստանի Գերագույն խորհուրդն ու Արցախի (ԼՂԻՄ) ազգային խորհուրդը  համատեղ որոշում կայացրեցին   Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին:Հայ ժողովրդի քաղաքական պայքարը այսպիսի  մարմնավորում ստացավ: Բայց ով էր լինելու  այդ որոշման  քաղաքական հետևորդը: Լևոն Տեր- Պետրոսյանի «երկրորդ տարբերակը» անտեսում էր  նաև այս  պատմական որոշումը:    

«Եվ վերջապես,-փաստում է  Լևոն Տեր- Պետրոսյանը,- վերացնել Ադրբեջանի՝ Հայաստանին պարտադրված  շրջափակումը և միաժամանակ գրավված ադրբեջանական  տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը»:(Էջ.180):  Իրականում, ահա սա էր   ազգի  առաջնորդ Լևոն  Տեր-Պետրոսյանի  գերնպատակը, քաղաքական  փափագը,  հետևողական   անշեղ ուղին: Ուշադրություն դարձրեք, որ ՀՀ հաղթող նախագահը հոլովում էր՝ «գրավված  ադրբեջանական  տարածքներ» արտահայտությունը:Իսկ իր հայտնի՝ «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում, այս նույն  քաղաքական  գործիչն ինքն իր մասին գրում էր.«Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած Նախագահ, անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը>>: Հենց այսպես, հողերը հանձնելու պատրաստ  նախագահն այժմ էլ իրեն համարում է   հայկական  տարածքները ընդարձակած  Նախագահ: Իր քաղաքական կրկնօրինակ Նիկոլ Փաշինյանը չի  հեռանում   գաղափարակից հոր   վերբալ աճպարարություններից: Նիկոլ Փաշինյանն   ասում է, որ  հերոսականացել է՝ փրկելով  շրջափակաման մեջ   հայտված 25-ից-35 hազար  հայ զինվորի կյանք,չի թողել, որ թուրքերը մտնեն Ստեփանակերտ և, ի վերջո, նա   հպարտ է  մեր  պարտությամբ: Բարոյապես կողոպտված այս  մտքերը  արդյունավետորեն շրջանառվում  են Փաշինյանի թիմակիցների և  նրանով վարակված ընտրախաղի  շրջանում, ճիշտ այնպես, ինչպես ազատագրող փրկիչ Տեր-Պետրոսյանի թիմակիցները սերմանում էին հաղթող, բայց իրականում  հող  հանձնող նախագահի մտքերը:

 ...Շարունակելի

 Լիլիթ Աղեկյան