ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 30-ին Պարեկային ծառայության վարչական համալիրում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էր Պարեկային ծառայության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Կամո Ցուցուլյանը նշել է, որ լինելով Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված առաջին հենասյունային ուղղությունը՝ Պարեկային ծառայությունը պետք է չբավարարվի ձեռքբերումներով և հանցավորության դեմ պայքարում ամրապնդի գրանցված հաջողությունները։
Նա հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ՝ համագործակցելով Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ։
Գործունեության թափանցիկությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է կատարված աշխատանքի, ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել ամփոփիչ զեկույցներ:
Ոստիկանության պետի խոսքով՝ հաշվետվողականության այս ձևաչափը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել կատարած աշխատանքի արդյունավետությունը։
Ոստիկանության պետն ընդգծել է նաև ծառայողական կարգապահության և մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործման կարևորությունը։
Խորհրդակցության ընթացքում գույքագրվել են ի հայտ եկած խնդիրներն ու բացթողումները, որոնք պահանջում են հստակ լուծումներ։
Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հավաստիացրել է, որ շարունակելով բարելավել ծառայության որակը՝ բոլոր հանձնարարականները կկատարվեն բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ:



