Մայիսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր բացահայտելու, ինչպես և հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Վալերիյ Օսիպյանը նշեց նաև, որ շուտով կամփոփվի այս տարվա վեց ամիսների ոստիկանության աշխատանքը: Ամփոփումից հետո բացասական պատկեր ունեցող ստորաբաժանումներում կիրականացվեն կադրային փոփոխություններ:
Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին «Վերջին զանգի» օրն իրականացրած ուժեղացված ծառայության համար: Նրանց բարեխիղճ ծառայության շնորհիվ այդ օրը շրջանավարտների մասնակցությամբ որևէ դժբախտ դեպք կամ պատահար չի գրանցվել:
Ավարտին՝ տարբեր հանցագործությունների բացահայտման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացան դրամական խրախուսանքների:



